Երևանի ավագանու նիստի ընթացքում այսօր քաշքշուկ եղավ անդամների միջև, որի պատճառով 15 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Ելույթ էր ունենում ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը՝ անդրադառնալով «Լույս» խմբակցության բերած՝ ուղերձով ՀՀ կառավարության հրաժարականը պահանջելու մասին նախագծին։

«Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է։ Ի՞նչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ի՞նչ տեղ ունի պաշտպանելու»,-ասաց նա:

Տեղից արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ «Ձեր իդիոտը պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու, հանել եք մեյդան, քաղաքական դիակին»:

Ներսիսյանը Խաչատրյանին հարց ուղղեց․ «Անի ջան, 50  տոկոսով միացար իշխանությա՞նը»։ Խաչատրյանն արձագանքեց․ «Ես չեմ ասել, Սերժ Սարգսյանն է այդ անունը դրել»։

Արմեն Ներսիսյանը շարունակեց. «Իմ ճակատը պարզ է, ես հանգիստ եմ քնում, մնում է՝ դուք ձեր երեխաներին պատասխան տաք ձեր արած սխալների համար»:

Տեղից ավագանու անդամներից մեկն ինչ-որ արձագանք տվեց, որից հետո Ներսիսյանը լքեց ամբիոնն ու քայլեց դեպի ավագանու անդամը, որին էլ հաջորդեց քաշքշուկը, ավագանու անդամները սկսեցին բղավել իրար վրա։ ««Արի դուրս հլը, արա», «Արա-ն դու ես»» արտահայտություններից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել