Tert.amLife-ը գրում է․

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այսօր նշում է 33-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է օրը չնշելու պատճառի, սիրելիի անակնկալի մասին: Դերասանուհին նաև պատմել է այս տարի ամուսնության առաջարկ ստանալու և կողակցի մասին։

«Ծննդյանս օրը շատ եմ սիրում, գրեթե միշտ, նշում եմ, բայց այս տարին բացառություն է․ չեմ կարող ինձ ուրախություն թույլ տալ, երբ մարդիկ նախորդ տարվանից հետո նման իրավիճակում են: Շատերը մինչև հիմա իրենց որդիներին են սպասում, կարելի է մի փոքր զուսպ լինել, թեև շատերն ինձ մեղադրում են՝ ասելով, որ կյանքը շարունակվում է: Ուղղակի կան արժեքներ, որոնք անտեսել չեմ կարող: Տանն եմ լինելու, հարազատ մարդիկ են զանգել, ասել, որ գալու են, բայց զգուշացրել եմ, որ հատուկ ոչինչ չեմ անելու: Գալիս է պահ, երբ պետք է հարգես վերևից քեզ նայող, փողոցում տխուր քայլող մարդկանց»,- ասաց նա:  

Թեև դերասանուհին ծննդյան օրը չի նշում, պատմեց, որ անակնկալ ունեցել է: «Կողակիցս իր առողջական վիճակի պատճառով չէր կարող ինձ մոտ գալ, բայց կեսգիշերին ծաղիկներով եկավ, դեռ ոչինչ չի նվիրել, այսօր եմ սպասում: Շատերը մտածում են՝ կողակիցս պետք է միլիոններ աշխատի, բայց մենք ապրում ենք սովորական մարդկանց պես: Ուզում եմ երջանիկ, առողջ, անհոգ ընտանիք ունենալ, կարելի է ասել՝ արդեն ունեմ: Իմ կյանքում կա այն մեկը, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կատարյալ է։ Շատ դեպքերում ինչ-որ բան պակասում է, որը պետք է կինը տա: Իմ կարիերիստ լինելն անձնականին խանգարում է, բայց իմ կողքի տղամարդն ուժեղ է և ինձ ընկալում, առաջ է տանում: Խոսքը ոչ թե ֆինանսապես, այլ հոգեպես աջակցելու մասին է»,- նշեց նա:  

Նաիրան ընդգծեց, որ ժամանակակից կին է, բայց անձնական կյանքում կարևորում է հարաբերությունների օրինականացումը: «Որքան էլ ժամանակի հետ եմ քայլում, մատանին և հարաբերությունների օրինականացումն ինձ համար շատ կարևոր են: Դրանք խորհրդանշում են՝ պատասխանատվություն իմ և իմ ընտրության համար: Սիրելիս Ամանորի գիշերն ինձ ամուսնության առաջարկություն արեց, մատանին դրեց մատիս, բայց համաձայնությունս տվեցի փետրվարի 14-ին՝ նրան մատանի նվիրելով»,- պատմեց դերասանուհին:  

33 ամյա Նաիրան շեշտեց, որ այս թվի հետ կապված շատ սպասումներ ունի: «Քրիստոսն այդ տարիքում խաչվեց, պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա, որ այս տարին պետք կատարյալ լինի: Մեծացող թվերն ինձ չեն վախեցնում, գնալով երիտասարդանում եմ: 20 տարեկան մարդիկ կան, կարծես տարիքով շատ մեծ լինեն, 33 տարեկան մարդիկ կան, ավելի երիտասարդ են երևում: Անձնագրում գրվող թվերով չեն ծերանում և մահանում, այլ ճակատագրով և բախտով, իսկ իմ բախտը շատ է բերել, որ մինչև այս տարիք ապրում եմ և դեռ կապրեմ: Հոգեպես ինձ 20 տարեկան եմ զգում, դա արտահայտվում է իմ մտքով, ապրելակերպով, շատ հարցերին թեթև նայելով: Երիտասարդները ձգտում են ավելի հասուն ու մեծ լինել, իսկ մեծանալով հասկանում են՝ որքան բան չեն հասցրել: Հիմա ես էլ 20 տարեկան Նաիրային խորհուրդ կտայի թեթև ապրել, գնահատել իրեն և հիշել՝ կինը թույլ էակ է, պետք է նստի, իսկ իրեն մատուցեն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել