Երկու մարմին՝ Գլխավոր դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը երկար ժամանակ է՝ խաբում է մեզ, քանի որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Գլխավոր դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունն անընդհատ հավաստիացնում էին, որ այդ գործի բացահայտմանը խանգարում են մի քանի հետախուզվող մարդիկ, բայց կյանքը ցույց է տալիս, որ ասում են՝ մենք պատրաստ ենք գալ և ցուցմունք տալ: Ստացվում է, որ մարդիկ, ովքեր լքեցին Հայաստանը, քաղաքական հետապնդման են ենթարկվում, և քաղաքական հետապնդման զոհ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախաղ Գևորգ Կոստանյանը»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը բարձրաձայնեց Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի ներկայացրած փաստաթուղթը՝ նշելով, որ Գևորգ Կոստանյանի գործը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին:

Ինտերպոլը դեռևս 2020 թվականի ապրիլի 10-ին մերժել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզությունը և այս գործի շրջանակում մերժել է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը:

«3-րդ հոդվածը՝ կազմակերպությունը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասայական բնույթի որևէ միջամտություն, այսինքն՝ Գևորգ Կոստանյանի գործն Ինտերպոլը համարել է քաղաքական: Դեռևս 2020 թվականի ապրիլի 10-ին Ինտերպոլը, ըստ էության, մերժել է ՀՀ իրավապահներին՝ հետախուզել Գևորգ Կոստանյանին, իսկ մենք լսում էինք, որ Գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը հետախուզում են հայտարարել, մերժել են նաև մեր երկրի հետ համագործակցել»,- մեկնաբանեց պատգամավորը:

Նա նաև նշեց՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունն անհիմն է համարում՝ Հայաստանի դատախազության և Հատուկ Քննչական ծառայության գործը, որը, ըստ միջազգային կազմակերպության, անհիմն է:

«Ինտերպոլի խողովակներում այս գործում ոստիկանության հետ ոչ մի կապ կամ համագործակցություն չպետք է լինի, այնուամենայնիվ միջազգային քրեական ոստիկանությունը համարում է, որ Հայաստանի դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունն անհիմն գործ են սարքել և այդ գործով նրանք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել, կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել: Մեր երկու պետական գերատեսչությունները մեզ ստել են»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց՝ 30 տարվա մեջ չի եղել այսպիսի դեպք, երբ միջազգային հեղինակավոր կազմակերպությունն արձանագրի, որ Հայաստանում քաղաքական հետապնդում է իրականացվում, այն, ինչ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում միշտ նշում է՝ մարդիկ փախել են, գործը չի շարունակվում:

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որը 30 տարվա մեջ չէր եղել, և առաջին անգամ է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունն արձանագրում է, որ Հայաստանում իրականացվում է քաղաքական հետապնդում և մերժում է իշխանությունների հետ համագործակցությունը: Վարչապետն իր բոլոր հրապարակային ելույթներում ասում է՝ մարդիկ փախել են, դրա համար էլ գործը չի բացահայտվում, իսկ իմ այս հայտարարությունից հետո ես ակնկալում եմ իրավական գործողություններ»,- ասաց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել