Panorama.am-ը գրում է.

«Պատերազմն ինձնից խլեց մեծ տղայիս՝ Հարութին, հույս ունեմ, որ գոնե փոքրիս՝ Նարեկիս, կգտնենք, մտածում ենք, որ գերի է..., չնայած իրեն ճանաչողներն ասում են՝ Նարեկը գերի ընկնող տղա չէր»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Թեհմինե Թևոսյանը։

Թեհմինե Թևոսյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ է, նրա երկու որդիները՝ Հարութ և Նարեկ Վարդանյանները, այս պատերազմի օրերին ծառայում էին Ջաբրայիլում։

«Սիրտս ոնց հանգստացավ»

Պատերազմի բոթը հասել էր ընտանիքին սովորական թվացող մի օր, երբ նրանք աշխատում էին հողամասում. հարազատներից մեկը զանգել է և լուր տվել՝ պատերազմ է։

«Բահը գցեցինք ու վազեցինք տուն, որ զանգենք ու երեխեքի հետ խոսենք։ Բայց զանգերին Հարութը չէր պատասխանում, ավելի ուշ ինքը զանգեց, հարցրինք՝ պատերա՞զմ է, ասաց՝ հա, թեթևակի, ոչ մի լուրջ բան չկա։ Մեզ ասաց՝ դուք լավ եղեք, մեր մոտ ամեն ինչ լավ է։ Նարեկիցս էլ նորություն չկար, իրեն էլ զանգեցինք, ասաց՝ մի վախեցեք, ամեն ինչ նորմալ է, դուք հանգիստ եղեք»,- պատմում է մայրը։

Այսպիսի պատասխան ծառայող տղաները տալիս էին բոլոր մայրերին։ Պատերազմից վատ իրենց մայրերի տխրությունն էր ու ցավը...

Եթե կրտսեր որդու հետ գոնե պատերազմի առաջին երեք օրերին կարողանում էին խոսել, ապա ավագ որդին՝ Հարութը, «հեռախոսի հետ սեր չուներ» ու տեղեկություն ծնողներն ավելի հաճախ ստանում էին ընկերոջ՝ Դավթի միջոցով։

«Զանգում էինք Դավիթին, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, ապա հեռախոսը հասցնում էր Հարութին, որ խոսենք։ Հույս էին տալիս, ասում՝ ամեն ինչ լավ է...։ Հարութիս վերջին զանգը հոկտեմբերի 4-ին եղավ, առավոտ շուտ զանգեց, ասաց՝ չվախենաք, ձեզ լավ նայեք։ Դրանից հետո էլ զանգ չստացանք։ Ինքը անընդհատ ասում էր՝ ձեր տղան վախեցող տղա չի, դուք հանգիստ եղեք, լավ եղեք։ Մենակ մի անգամ՝ ամսի 3-ին զգացի, որ մի բան էն չի, երբ հարցրեց, թե ինչ նորություն կա։

Ես էլ մտածեցի, թե գիտի՝ մեր մոտ էլ է կրակոց, ասացի, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ինքն էլ ասաց, որ ուրիշ բան է հարցնում՝ զինադադար չկա՞»,- մորմոքում է մայրը։

Զինադադար... Ինչ է մտածել մայրը, լսելով, որ որդիները սպասում են զինադադարի, հասկացե՞լ է, որ տեղները նեղ է՝ թեպետ լսել է «ամեն ինչ լավ է»։

Հարութն ու Նարեկը իրար կողք չէին, Հարութի առաջին հարցը տուն զանգելիս միշտ կրտսեր եղբոր մասին էր՝ լուր կա՞, լա՞վ է։

«Վերջին անգամ, երբ ասացի՝ չի զանգել, հույս էր տալիս, թե ոչինչ, կզանգի։ Մյուս օրը, որ զանգեց, ասացի՝ Նարեկը զանգել է, պատասխանեց՝ մա՜մ, ես էլ էդ էի ուզում իմանալ, սիրտս ոնց հանգստացավ»,- կարծես տղայի ձայնն ականջում ասում է մայրը։

Հարութի զոհվելու մասին ընտանիքը տեղեկանում է որդու զինակից ընկերոջ՝ Դավթի քեռուց։ Իսկ Դավիթը զոհվել էր...

Տիկին Թեհմինեի ամուսինն էլ՝ Սաքոն, խնդրել է, որ Դավիթի քեռին իրեն տա այն մարդու համարը, ով զանգել ու լուրը հայտնել էր։ «Ասաց, որ ինքն էլ կներկայանա որպես Հարութի քեռի, որ իրեն էլ ճիշտն ասեն...։ Ճիշտը թե չէ՝ ասում են, որ Դավթի զոհվելը տեսել են, բայց Հարութին ընկնելուց չեն տեսել։ Երևի ուղղակի այդ զինվորն ուզում էր խնայել մեզ»,- մտածում է մայրը։

Այդ դեպքից հետո ընտանիքին լուրեր են հասել, թե Հարութն ուղղակի վիրավոր է, ավելի ուշ ասել են, թե այլ ընկերների հետ խմբով գնացել է հատուկ առաջադրանք կատարելու։ Իսկ վերջում պարզ է դարձել, որ Հարութը զոհվել է ընկերոջ՝ Դավիթի մարմինը խրամատից դուրս բերելու ժամանակ։

«Էդ էնպիսի պոստ էր, որ մեզ ասում էին՝ գուցե անգամ չստացվի երեխեքի մարմիններն այդտեղից հանել։ Բայց հետո, արդեն ոնց որ ուրախանայինք, որ երեխեքի մարմինները դուրս են բերել։ Արդեն հունվարի 28-ին անալիզների պատասխաններն եղան ու Հարութիս մասին վերջնական տեղեկություն ստացանք»,- լացը հազիվ է զսպում մայրը։

Նա պատմեց, որ այդ ընթացքում երազում Հարութին է տեսել՝ ավտոմատը ձեռքին երկնքում կանգնած։

«Կրակում էր, սպիտակ ամպ էր գոյանում։ Ասացի՝ Հարութ ջան, էս ի՞նչ ես անում, խի՞ ես կրակում։ Ինքն էլ պատասխանեց՝ կրակում է, որ սպիտակ ամպով փակի իրեն, թուրքերը չտեսնեն, թուրքերից է պաշտպանվում։ Արթնացա, մտածեցի, որ տղայիս մի բան է եղել, որ երկնքում է..., երկնքից էլ էր թուրքերի դեմ պայքարում»,- խեղդվող ձայնով նշում է մայրը։

«Եթե Հարութը ճիշտ ժամանակին բանակ գնար»

Տիկին Թեհմինեն ափսոսանքով է ասում, որ եթե որդին ճիշտ ժամանակին բանակ գնար, այս դեպքը չէր լինի։

Նա պատմում է՝ Հարութը աչքի հետ կապված շատ լուրջ խնդիր է ունեցել, Մոսկվայում բարդ վիրահատություն անցել, որից հետո որոշել է վերադառնալ Հայաստան, ծառայություն անցնել, որպեսզի ապագայում էլ հնարավորություն ստանա ուսումը շարունակելու և բժիշկ դառնալու։

«Երբ եկանք Հայաստան, 6 ամսով տարկետում տվեցին իրեն։ Իր խնդիրն այնպիսին էր, որ կարող էր սահմանափակումներով ծառայել, բայց ինքը դեմ էր դրան, ասաց, որ չի ուզի իր զինգրքույկում թերի բան լինի։ Ու 6 ամիս ուշ գնաց ծառայության, հունվարի 24-ին պետք է արդեն ավարտեր, տուն գար»,- արցունքի միջից նշում է մայրը։

Թեև երազում էր բժիշկ դառնալ, դպրոցն ավարտել էր գերազանցությամբ, սակայն, Հայաստան վերադառնալուց հետո՝ նախքան բանակ գնալը, Հարութն աշխատանք էր գտել և որոշել՝ որքան հնարավոր է պետք է ընտանիքին օգնի, թեև ընտանիքը որևէ բանի կարիք չի ունեցել։

Ի տարբերություն ավագ եղբոր` Նարեկի հետաքրքրությունները ավելի շատ կապված էին մեքենաների, էլեկտրականության հետ։

«Որ գնացել էինք ՌԴ, մի տատիկի հետ էինք ապրում..., իր տանն ինչ փչանար, մի քանի րոպեում սարքում էր Նարեկը։ Հիմա էդ տատիկը զանգում է, լացում, ասում է՝ ինչի՞ գնացիք, ինչի՞ տարաք երեխեքին։ Ասում է՝ ինչին ձեռք եմ տալիս, երեխեքի սարքածն է»,- պատմում է տղաների մայրը։

Նարեկը երազում էր մեծ ավտոտնակ ունենալու, իր գործը սկսելու մասին։ Սովորական երազանք, լրիվ իրականանալի...

«Մենք էլ հույս ունեինք, որ երեխա ենք մեծացրել, կգան, ամեն ինչ լավ կլինի, երեխեքին կհասցնենք իրենց նպատակներին, մենք էլ երջանիկ կլինենք...։ Բայց մեր կյանքում ամեն ինչ կիսատ մնաց. տունն էլ սարքեցինք, կիսատ մնաց, երեխեքին էլ մեծացրինք, կիսատ մնաց..., ամեն ինչ։ Ամեն օր նույն հարցն եմ տալիս՝ ինչո՞ւ է մեր կյանքում ամեն ինչ կիսատ»,- դողացող ձայնով ասում է մայրը։

«Մայր լինելու իրավունքը»

Վարդանյանների ընտանիքը հույսը չի կորցնում, որ տան կրտսեր որդին՝ Նարեկը, վերադառնալու է։

«Նարեկը լսել է իր եղբոր զոհվելու մասին, հնարավորություն է եղել, որ դիրքից իջնի։ Բայց ինքն ասել է՝ պետք է հասնի իր եղբորը։ Ու այդպես կորավ իր մասին ինֆորմացիան...։ Հիմա նարեկը համարվում է անհետ կորած»,- ցավով ասում է մայրն ու ավելացնում. «Հույս ունեմ, որ Նարեկս տուն կվերադառնա։

Ես մայր եմ, կուզեմ, որ գոնե Նարեկս գա, որ գոնե մայր կոչվելու իրավունք ունենամ, որ գոնե ինձ մայր ասող լինի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել