Tert.am Life-ը գրում է.

Մտերմիկ մթնոլորտ, լսված ու չլսված երգեր. երկար դադարից հետո դերասան Հայկ Պետրոսյանը երեկ կրկին բեմում էր: Tert.am Life-ը ներկա է եղել Հայկի երեկոյին, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու զրուցել նրա հետ: 

Երեկոյին ներկա էին Հայկի հայրը՝ դերասան Վարդան Պետրոսյանը, մայրը, սիրելին՝ Անին և այլք:

Դերասանն այս անգամ ներկայանում էր այլ ձևաչափով: Երեկոն ոչ թե սթենդափ ժանրի էր, այլ կազմված էր Հայկի հեղինակային և ոչ հեղինակային երգերից, որոնցից առաջ հնչում էին անձնական ու ոչ անձնական պատմություններ ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության և արգելման, աշխարհը ցնցած կորոնավիրուսային համավարակի մասին, որը Հայկին ևս չի շրջանցել:

«Վերջին անգամ նման երեկո ունեցել էի անցած տարի, կորոնավիրուսի տարածվելուց և պատերազմից հետո սա առաջին ելույթն է: Եթե նախկինում երեկոյի մեծ մասը բաղկացած էր նաև կատակներից, այս անգամ մեծ մասամբ հեղինակային երգեր էին: Երբեմն, ավելի հեշտ է երգելով արտահայտվել, քան խոսելով: Ոգեշնչման աղբյուրներս տարբեր էին. կային և՛ անձնական, և՛ ընկերների հետ կապված պատմություններ, իսկ դրանք անձնական էին այնքանով, որ մինչև երգելն անցկացնում էի իմ միջով: Այդ երգելը գրելը, անշուշտ, բարդ է, ամեն բառը քո ներսից հանելով ապրումներ ես ունենում, մնացածը կատարման հարց է: Կան երգեր, որոնք անձնական, խորն ապրումներ են արթնացնում, բայց դրանք բեմի վրա պետք է զսպել: Երբ հանդիսատեսի առջև ես, գլխավոր նպատակը հուզվելը չէ, այլ հանդիսատեսին ապրեցնելը: Շարլ Ազնավուրի երգերից շատերը հուզական են, եթե ամեն երգի ժամանակ արտասվեր, ի՞նչ կստացվեր»,- ասաց դերասանը: 

Հայկը երեկոյի ընթացքում խոսեց ու երգեց նաև պատերազմի մասին, որին մասնակցել է, իսկ երեկոյին ներկա էին նրա մարտական ընկերները: Նա ընդգծեց, որ պատերազմի ու ապրումների մասին պետք է խոսել, երգեր գրել, ֆիլմեր նկարահանել, որովհետև ցավը քո մեջ փակելով այն ավելի ես խորացնում:  

«Ուզում եմ պատմել Հայկի և «Կյաժի» մասին, ովքեր իմ մարտական ընկերներն էին, թեև մասնագիտությամբ բժիշկ Հայկին մինչև պատերազմն էլ ճանաչում էի: Կյաժն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մանկության ընկերն է, չարաճճի, սրամիտ և հումորով տղա: Հայկն ու նա այնտեղ շատ ընկերացան, ինչ-որ չափով նաև իմ միջոցով: Կռվի ընթացքում Հայկը գնացել էր մարտի դաշտ, որ օգնություն ցույց տա վիրավոր զինվորներին, ընկել էր շրջափակման մեջ և զոհվել: Երբ իմացա այդ լուրը, մտածում էի՝ ինչպե՞ս անենք, որ Հայկին ինչ-որ իմաստով փոխարինենք, հարազատների հետ խոսենք, բայց մինչև եկանք հետ, տեսա, որ «Կյաժն» արդեն ամեն ինչ արել է: Այսպիսի զարմանալի պատմություններ են հյուսվում պատերազմից հետո»,- պատմեց Հայկը․

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել