News.am-ը գրում է.

Գարնան գալուն պես Երեւանի, եւ նույնիսկ ողջ Հայաստանի բնակիչների խնդիրներին ավելանում է եւս մեկը՝ ճանապարհների վիճակը: Որպես կանոն անորակ ասֆալտը գարնանն իր մասին հիշեցնում է ճաքերով, այն կարկատում են, երբեմն՝ փոխում:

Իրավիճակն օրեցօր վատանում է, սակայն հորիզոնում ճանապարհային աշխատողների չես տեսնի: Նույնիսկ կենտրոնական ավտոճանապարհներին պետք է ուշադիր նայես, որպեսզի փոսը չընկնես, իսկ ինչ է կատարվում այլ ճանապարհներին, դժվար է նկարագրել քաղաքակիրթ լեզվով:

NEWS.am-ը բազմիցս գրել է խնդրի մասին: Վերջինը Մալաթիա վարչական շրջանում իրավիճակի մասին էր: Հրապարակումից հետո ինչ-որ կերպ վերանորոգեցին: «Վերանորոգումը» տեւեց մեկ ամիս, որից հետո ճանապարհը կրկին սկսեց քանդվել: Զուգահեռ փողոցը, որը շրջանը կապում է քաղաքի կենտրոնի հետ, արդեն կես տարի է՝ փակ է շինարարական աշխատանքների պատճառով:

Նման իրավիճակ է նաեւ Երրորդ մասում, որտեղ հողը փորել են, խողովակները թողել անձրեւի տակ: Ըստ երեւույթին՝ ավելի լավ ժանգոտելու համար: Բնականաբար, այստեղ ամեն առավոտ հսկայական խցանումներ են լինում:

Ընդհանուր առմամբ վտանգավոր է որոշ փողոցներ մուտք գործելը, դա հղի է մեքենայի խափանմամբ: Ընդհանրապես, հաշվի առնելով փոսային նորոգման նշանների, ճանապարհային նշանների բացակայությունը, անձրեւին չաշխատող լուսացույցները, անվտանգ երթեւեկելու համար պետք է իմանալ ոչ թե կանոններն ու հետեւել նշաններին, այլ իմանալ ուղին:

Անձրեւին փոսերը վերածվում են իսկական ծուղակի: Ֆեյսբուքում օգտատերերն ակտիվ կիսվում են լուսանկարներով, տեսանյութերով եւ կարծիքներ հայտնում անկարգության շուրջ: Մարդիկ հարց են ուղղում՝ Երեւանն է՞լ է դժգույն եւ դժբախտ: Ինչի՞ համար է նման վերաբերմունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել