Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:

Հիշեցնենք, որ Կառավարության կայքում հայտարարություն էր տարածվել, որով ասվում էր, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ Օնիկ Գասպարյանը, որում նշում էր, որ Իր դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են․ դիմել եմ ՀՀ վարչական դատարան։

Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո հայտարարություն տարածեց նաև Գլխավոր շտաբը՝ նշելով, որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։

Երեկ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց առ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: Ստեփան Գալստյանը միացել էր Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել