Hraparak.am-ը գրում է.

Ընդդիմության, մասնավորապես՝ Հայրենիքի փրկության շարժման անդամների մոտ երեկ ակնհայտ հիասթափություն էր նկատվում ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանից։ Չէին սպասում, որ ԳՇ պետ գեներալ-գնդապետը, որը համարձակություն է ունեցել դեմ դուրս գալ քաղաքական իշխանությանը, այդպես հեշտ ու արագ կհանձնվեր՝ ընդունելով մեկ ստորագրությամբ իրեն պաշտոնից ազատելու փաստը եւ դա վիճարկելով ընդամենը վարչական դատարանում, որն առնվազն կարող է 6 ամսվա չվճարված աշխատավարձը վճարել։

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը մեր զրույցում ասաց, որ եթե Օնիկ Գասպարյանը որոշել է ինքնակամ հեռանալ իր պարտականություններից, ապա դա Սահմանադրության կոպիտ խախտում է, ինքը կարծում է, որ Գասպարյանը շարունակում է մնալ ԳՇ պետ։ Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի՝ քաղաքականություն մուտք գործելու հավանականությանը, Մինասյանն ասաց, որ  Օնիկ Գասպարյանը հզոր զենք ունի ձեռքում՝ բանակը, զինված ուժերը, իր այդ հզոր գործիքը թողած՝ պիտի գա քաղաքական հայտարարությո՞ւն անի։ Նրա կարծիքով՝ Գասպարյանը դեռ անելիք ունի եւ եթե դասալքություն անի՝ պայքարից հրաժարվի, այդ ժամանակ նոր ինքն իր գնահատականը կտա։ Կարճ ասած՝ Օնիկ Գասպարյանին արդեն մեղադրում են դասալքության մեջ, բայց բացահայտ չեն ասում՝ նախընտրելով առայժմ ամբողջ մեղքը բարդել Արմեն Սարգսյանի վրա։ Իսկ Օնիկ Գասպարյանին դեռ բացահայտ չեն քարկոծում, քանի որ անհարմար բան կստացվի այդպես արագ հերոսին պատվանդանից գցելը՝ միայն նրա համար, որ իրենց գծած սցենարով չի գնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել