«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել հրավիրյալների տրամադրվածությունը, սակայն հիմնականում ուժերը նշում էին, թե կկարողանան այդ հարցին պատասխանել միայն քննարկումներից հետո: Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Խորհրդում կքննարկենք հարցը, որից հետո որոշում կկայացնենք և այդ մասին կհայտարարենք»:

Հայրենիքի փրկության շարժման մեջ ներգրավված ուժերի ներկայացուցիչները ևս կքննարկեն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը պարզել չհաջողվեց. նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տևական ժամանակ է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Հավելենք, որ, ամենայն հավանականությամբ, բոլոր ուժերն էլ կգնան, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի քաղաքական դաշտում առկա ուժերին Նիկոլ Փաշինյանն արդեն ուղարկել է իր մտադրությունների մասին մեսիջներ, այն է` գարնան վերջ կամ ամառվա սկիզբ կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ու դա կլինի իր հրաժարականի գնով:

Նախագահի մոտ քննարկվող հիմնական թեման ընտրությունների մանրամասներն են լինելու: Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նահանջն էլ է դրանով պայմանավորված. նա հասել է Փաշինյանի հրաժարականին, մնում է դա պաշտոնապես ազդարարվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել