News.am-ը գրում է․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,  Սահմանադրության խախտմամբ, երեք տարի անց շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ նպատակ ունենալով կոծկել սոցիալական և ժողովրդագրական ոլորտներում իր ձախողած քաղաքականությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց  աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդը խթանող ժողովրդագրական քաղաքականության հասցեականությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` բազմազավակության և ընդլայնված վերարտադրության խրախուսում` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացում:

Նախկին փոխնախարարը, որն այս նախագծի մշակողներից մեկն է եղել, տեղեկացրեց, որ 2015թ. փոփոխված Սահմանադրության անցումային  դրույթներով նախատեսված էր, որ բազմազավակ ընտանիքների աջակցման  մասին օրենքը պետք է ընդունվի մինչև 2018թ. մայիսը։

 Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը մշակվել էր դեռևս 2017–ին իր՝ փոխնախարար եղած ժամանակահատվածում, իսկ 2018թ. հունվար–փետրվար ամիսներին նախագիծն արդեն հասել էր Ազգայի ժողով, սակայն իշխանափոխությունից հետո այն հանվել էր շրջանառությունից։

«Այս ընթացքում բազմիցս  բարձրաձայնել ենք, որ Մայր օրենքով սահմանված ժամկետները խախտվել են, և որ պետության համար այս օրենքի օր առաջ ընդունումը կարևոր նշանակություն ունի։ Միաժամանակ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությանը կոնկրետ առաջարկություններ ներկայացրեցինք, սակայն այս երեք տարվա ընթացքում որևէ բան չարվեց։ Փոխարենը նույն նախագիծն արդեն խնդրահարույց խմբագրումներով դրեցին հանրային քննարկման»,–ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ եթե իսկապես վատն էր նախագիծը, ինչո՞ւ այն  երեք տարվա ընթացքում լուրջ փոփոխությունների չի ենթարկվել։

Խմբագրումներից մեկը վերաբերում է 3-րդ և հաջորդ երեխաների համար նախատեսվող աջակցությանը, որը փոխարինել  են «4–րդ և հաջորդ երեխային» բառերով։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ այս փոփոխությունը չի համապատասխանում այսօրվա օբյեկտիվ իրավիճակին։

«Մեր գրած նախագծում առաջնահերթությունը տրվել էր երրորդ և հաջորդ երեխային, քանի որ երրորդ երեխայից սկսած է  ապահովվում բնական հավելաճը։ Այս պարզագույն կանոնը մինչեւ օրս չհասկացան գործող իշխանությունները և աջակցության ծրագրերն ուղղեցին առաջին և երկրորդ երեխաների ծնունդին»,–ասաց նա և հավելեց. «Հայաստանում  չորս և ավելի երեխա ունեցող շուրջ 15.000 բազմազավակ ընտանիք կա, և հիմա ուզում են այդ մարդկանց սիրաշահել»։

Նախկին փոխնախարարը նշեց, որ նախագծում ավելացված դրույթներից մեկն էլ ակնհայտորեն հակասում է աշխատանքային օրենսգրքին։ 

«Նախագիծը մշակող և այն վերանայող մարմինները օրենքի մշակման նվազագույն ընթացակարգերը չեն պահպանում։ Նախագծի միակ կոնկրետացված դրույթը վերաբերում է աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման հետ կապված գործատուների վրա նոր պահանջ դնելուն, ինչը հակասում է աշխատանքային օրենսգրքին»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել