«Կոսմետիկա» բառն առաջացել է հունարեն «զարդարել» բառից։ Հասկացությունը, որպես այդպիսին, ի հայտ է եկել 1867 թ., երբ կոսմետիկայի միջոցներ սկսեցին վաճառել ոչ թե դեղագործները, այլ առանձին անհատներ։

Կոսմետիկայի հնագույն պարագաներից մեկը շրթներկն է, որի բաղադրության մեջ ներառվում էր յուղ և կավ կամ խնա։ Սակայն Հին Եգիպտոսում նաև քայքայում էին թանկարժեք քարերը և ստացվածը քսում շուրթերին։ Կլեոպատրայի շրթներկի բաղադրությունն ամենայուրօրինակն է. դրա համար վերցնում էին որոշակի տեսակների բզեզներ, մրջյունների ձվեր, ձկան թեփուկներ և խառնում ամենն իրար։

Շատ պատմաբաններ նաև վստահեցնում են, որ Կլեոպատրան դիմափոշու փոխարեն օգտագործում էր կոկորդիլոսի արտաթորանք, այլ ոչ հասարակ կանանց նման սպիտակ կավ։ Իսկ կավ օգտագործելու հնարավորություն չունեցող աձինք դիմափոշու փոխարեն օգտագործում էին ցորենի ալյուր կամ աղացած բրինձ, ինչը մատչելի և համեմատաբար անվնաս էր։

Հին Հունաստանում նորաձև էին համարվում հաստ հոնքերը, իսկ իրար միացած հոնքերը կնոջ վրա ամենագեղեցիկ բանն էր։ Բարակ հոնքերով ծնված անձինք, բնականաբար, հուսահատվում էին, սակայն ունեին ելք. նրանք սափրում էին հոնքերը, խեժով պատում սափրված հատվածը և այնտեղ այծի մորթի ամրացնում։

Անգլիայում և Ճապոնիայում մի ժամանակ նորաձև էին համարվում սև ատամները։ Թրենդում լինելու համար հարկավոր էր շատ քաղցր ուտել կամ ատամներին հատուկ լաք քսել։

Տարբեր ժամանակներում կոսմետիկ միջոցներում օգտագործվել են ակնհայտ թունավոր նյութեր՝ կարմրաներկի մեջ սնդիկ, դիմափոշու մեջ կապար, եղունգների լաքի մեջ ռադիում և այլն։

Այս նյութերի վնասակարության մասին շատ կանայք տեղյակ էին, սակայն, այնուամենայնիվ, շարունակում էին օգտագործել դրանցով պատրաստված կոսմետիկան։ Որոշ նյութերի թունավորության մասին հայտնի է դարձել ավելի ուշ, և հենց այդ ժամանակ էլ պարզ է դարձել, թե ինչու շատ կանայք արտասովոր տեսք ունեին և երկար չէին ապրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել