168.am-ը գրում է․

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով  Արցախի շատ բնակավայրեր օկուպացվեցին, որոնցից մեկը նաև Հադրութն էր, ու տեղացիները, այդ թվում՝ 20-ամյա Մարիամի ընտանիքը, որ կորցրեց ամեն ինչ, հայտնվեցին այս կամ այն շրջանում՝ առանց հագուստի, գումարի:

«Այժմ Կոտայքի մարզի Առինջ գյուղում վարձով ենք ապրում: Կյանքում չէի պատկերացնի, որ թուրքը կհասնի Հադրութ: Ես Հադրութում շատ երջանիկ օրեր եմ անցկացրել թե՛ ընտանիքիս, թե  ընկերներիս հետ: Ամեն երեկո հարևանների հետ հավաքվում էինք շենքի բակում, զրուցում, ժամանակ անցկացնում: Հաճախ էինք  նաև ճամփորդում»,- 168.amի հետ զրույցում ասաց Մարիամը, ով թողնելով մոդել դառնալու իր երազանքը, առողջական խնդիրը՝ այս պահին ընտանիքին օգնելու համար խոհանոցային սրբիչներ, անկողնային պարագաներ, շարֆեր, սփռոցներ է կարում:

«Ես սովորում եմ «Ատեքս» նորաձևության կենտրոնում, հայրս դերձակ է, Հադրութում կրպակ ուներ, հիմա տանը միասին աշխատում ենք, ինքը ձևում է, ես կարում եմ: Որոշել եմ իմ սովորածը կիրառել, օգնել ընտանիքիս: Վաճառել կարծես թե ստացվում է: Ես հիմա երազում եմ փոքրիկ արտադրամաս ունենալու մասին:

Ճիշտ է,  երազանք է, բայց հույսս չեմ կորցնում: Գիտեք, այս դժվարին ժամանակահատվածում ինձ շատ է օգնում անցած ուղին: Հաճախել եմ Հադրութի մանկապատանեկան խմբակ, պարի, գոբելենի,  նկարչության, ուլունքագործության դասընթացների, և այս ամենը նպաստել է, որ կարողանամ շփվել, մարդկանց ճանաչել, ինքնուրույն ստեղծել ու հարկ եղած դեպքում օրվա հացը վաստակել:

Ես խորհուրդ եմ տալիս բոլոր աղջիկներին՝ գնացեք նման դասերի, մի՛ ալարեք՝ ասելով, որ ձեզ պետք չէ: Համացանցում ժամանակ անցկացնելու փոխարեն՝ հաճախեք տարբեր խմբակներ, սովորեք, մեկ  օր հաստատ  պետք կգա»,- նշեց Մարիամը:

Աղջնակն անկեղծացավ՝ Հադրութը մտքից չի կարողանում հանել, կարոտում է ամեն ինչ:

«Գիտեք, շատ եմ կարոտում իմ տունը: Հուսով եմ՝ մի օր հետ կբերենք Հադրութը, ու  կգնամ այնտեղ ապրելու:  Հիմա տեղ չունեմ գնալու: Պատերազմից  հետո գնացի Ստեփանակերտ, մենակ վախ կար իմ մեջ: Թուրքի դրոշը տեսա, ու ասես սրով խոցեին սիրտս: Ժամանակ է պետք, որ անցնի այդ վախը: Երեք տուն ենք կորցրել. երկուսը մեր տներն էին՝ Հադրութում, երրորդը պապիկիս տունն էր՝ Տումիում: Չնայած հիմա կոտրված եմ,  բայց հույսս չեմ կորցնում: Թող ուժեղ լինեն մեր մայրերը,  աղջիկները, թող արարեն,  ստեղծեն: Կյանք է,  ինչ արած, դժվարությունները մարդու համար են, պայքարել է պետք ու նորից երազել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել