168․am-ը գրում է․

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ նրա աջակիցներից մեկը լրագրողի հետ զրույցում ասաց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, ավելին՝ ամբողջ Արցախն է ադրբեջանական։ Դա, սակայն, միակ դեպքը չէր՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից շատերն այդ միտքը կրկնեցին։

Թեև հայ հասարակությունն արդեն Նիկոլ Փաշինյանից վաղուց լսել էր, որ «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է, 90 տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին չէր կարող հայկական լինել», այդուհանդերձ  հասարակության համար զարմանալի էր, որ Շուշին ադրբեջանական համարում է հայ կինը։

Հետո հրապարակումներ եղան, որ նույն այդ կինը գործարար Խաչատուր Սուքիասյանի տան մաքրուհին է, որը մարտի 1-ին եկել էր «սիրելի վարչապետին» աջակցելու և ձեռքի հետ էլ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու։ Սակայն Խ. Սուքիասյանի խոսնակը հերքեց, որ այդ կինը Սուքիասյանների տան աշխատակիցն է:

Շուշեցիները կնոջ և առհասարակ Նիկոլ Փաշինյանի աջակիցների այդ խոսակցություններին արհամարհանքով են վերաբերվում՝ հասկանալով, որ վերջիններս հայոց պատմությունից տկար են։

168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ վրդովված է այն հանգամանքից, որ հայ ազգի մեջ կան «նման տականքներ»։

«Նրանք բարձրաձայնում են, թե իբր Շուշին եղել է ադրբեջանական, նմանատիպ խոսքեր կան նաև արցախցիների նկատմամբ, թե նրանք ադրբեջանցիներ են, և այլն։ Չիմացողների համար կրկնեմ ևս մեկ անգամ՝ Շուշին եղել է բուն հայկական քաղաք, ովքեր հայոց պատմությանը ծանոթ չեն, թող բացեն գրքերը՝ կարդան, մի քիչ ծանոթանան, հետո հայտարարություններ անեն։ Ես շատ լավ հետևել եմ, թե ովքեր են այդ հայտարարություններն արել։ Նախ՝ մի տղա կա, միշտ հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների մեջ խոսում է, ես նրան որ լսում եմ, շատ կներեք, կարծես թե գեյ ներկայացուցիչ լինի։ Իսկ այն կինը, որը խոսում է, նա սրբապիղծ է։ Այդ կինը չգիտի, որ 1920 թվականին Շուշիում մարտի 20-21-ին եղել է մեծ ջարդ, հազարավոր հայեր են սպանվել։ Այսօր երևի այն նախկին հայտարարությունները, թե «Շուշին եղել է դժբախտ, դժգույն քաղաք», դրա շարունակությունն է գնում։ Չի կարելի պարզապես»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Ըստ նրա՝ տպավորություն է, որ Ադրբեջանը լավ ֆինանսավորում է, որպեսզի նման հայտարարություններ անեն՝ չմտածելով, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է Խորհրդային Միության ժամանակ։

«Մուրացանի, Լեոյի մասին ենք խոսում, որ Շուշիում են ծնվել, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, Արամ Մանուկյանի  մասին ենք խոսում։ Շուշին ադրբեջանական համարող մարդիկ անգետ են,  դավաճաններ են։ Ինչո՞ւ ադրբեջանցի մի կին այսքան ժամանակ չի ասել, որ Արցախը հայկական է, չեմ հասկանում՝ այս մարդիկ ինչի են ձգտում։ Վախենամ, որ վաղը-մյուս օրն էլ այս հիմար տականքներն ասեն, որ Զանգեզուրն ադրբեջանական է, իհարկե, վատ բառերիս համար կներեք…»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել