168.am-ը գրում է.

Արցախի  44-օրյա պատերազմից հետո անցել է 3 ամսից ավելի, իսկ Արցախի անվտանգության երաշխավորի՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի այցելել Արցախ՝ տեսնելու, թե ինչպես է ապրում արցախցին, կամ նոյեմբերի 9-ին իր կողմից ստորագրած կապիտուլյացիայի արդյունքում ինչ է մնացել առհասարակ Արցախից։

Տարբեր կերպ փորձել ենք այս հարցի պատասխանը ստանալ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, սակայն որևէ պատասխան չի տրվել, թե ինչու Փաշինյանը պատերազմից հետո Արցախ չի մեկնել։

Այս հարցն ուղղեցինք նաև Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին։

«Ես չգիտեմ, թե նա ինչու չի գալիս։ Եթե ինքն էլ չի գալիս, իր կինը թող գա, ժամանակին գալիս էր այստեղ՝ Շուշիիում նկարահանումներ էր անում… թանկարժեք գորգերը փռում, ճանապարհները փակում ու վրան նկարվում էր, սելֆիներ անում։ Իմ մտքով միայն մի բան է անցնում՝ երևի Ալիևը թույլ չի տալիս, որ Փաշինյանը գա Արցախ ու տեսնի՝ ինչ վիճակում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարեց, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է առանց Ադրբեջանի թույլտվության այցելեն Արցախ։

Ըստ Արծվիկ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանն Արցախում հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, ու վերջ, այսօր պետք է իր այդ հայտարարությանը տեր կանգնի, որպեսզի նաև չդառնա Ալիևի ծաղրի առարկան։

«Ալիևն ասում է, որ Փաշինյանն ասել է, չէ՞, որ Արցախը Հայաստան է, և վերջ, հիմա էլ թող ասի։ Փաշինյանը պետք է պատասխանի, որ կրկին ոտքի ենք կանգնելու ու Ալիևի հերն անիծելու ենք, բայց չի ասում։ Ես՝ որպես Շուշիի քաղաքապետ, նման բան չեմ կարողանում հանդուրժել»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել