Ըստ պատմաբանների վկայությունների՝ սառանարանները հայտնագործվել են Հին Եգիպտոսում։ Ստացվում է, որ մարդկության համար այդքան անհրաժեշտ թվացող երևույթն այնքան էլ երկար պատմություն չունի։
Պատմաբանները նշում են, որ եգիպտացի փարավոններն օգտագործել են սառնարաններ։ Սնունդը սառեցնելու համար այն դնում էին ստորգետնյա փոքր փոսերում և պատում սառույցով՝ բերված բարձրադիր լեռներից։ Հենց այդ ժամանակ էլ ի հայտ է եկել առաջին պաղպաղակը, որն իրենից ներկայացնում էր մրգային սառույց։ Ստորգետնյա սառնարաններում մթերքները պահպանելու մեթոդը կիրառվել է բավականին երկար՝ ընդհուպ մինչև էլեկտրականության ի հայտ գալը։ Հնում գոյություն են ունեցել նաև փայտից կամ ճենապակուց պատրաստված պահարաններ, որոնք նախատեսված էին գինի պահելու համար։
Մթերքը սառեցնելու և պահպանելու համար մեքենա ստեղծելու փորձեր սկսել են արվել 18-րդ դարի կեսերից ի վեր։ Դրա մշակմամբ զբաղվում էր շոտլանդացի գիտնական Ուիլյամ Կալենը, ապա՝ ամերիկացի Թոմաս Մուրը։ Մոտ 100 տարի անց Ամերիկայում հայտնվեց առաջին սարքավորումը, որը կարողանում էր սառույց պատրաստել։ Այն աշխատում էր կոմպրեսիայի սկզբունքով, որը հետագայում կատարելագործվել է։ Սարքը կարողանում էր սառեցնել օդն ու մթերք։
Հենց այս պահից ի վեր աշխարհի տարբեր անկյունենրում գիտնականները սկսեցին նմանատիպ սարքավորումներ ստեղծել։ Սառնարաններ ի հայտ եկան Ավստրալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում։ Սառանարանների տեխնիկայի մշակմամբ զբաղվում էր անգամ հանրահայտ Էյնշտեյնը։
Առաջին ընկերությունը, որն սկսել է սառնարանների զանգվածային արտադրություն իրականացնել, ամերիկյան General Electric-ն էր։ Այն արտոնագրել է գյուտը և իր սառնարաններն արագ տարածել ողջ աշխարհում։ Առաջին սարքավորումներն աշխատում էին թունավոր նյութերի հիման վրա, սակայն նախորդ հարյուրամյակի 30-ական թվականներից օգտագործվում է ֆրեոն կոչվող անվտանգ գազը։ 10 տարի անց վաճառքի հանվեցին նոր սառցարաններ։
Այսօր սառնարանները շարունակում են զարգացում ապրել. արդեն իսկ գոյություն ունեն «խելացի» սառնարաններ, որոնք կառավարվում են սմարթֆոնների միջոցով։ Դրանք ունեն երկառուցված հեռուստացույցներ, բաղադրատոմսերի էլեկտրոնային գրքեր։ Նման հեռուստացույցները կարողանում են ղեկավարել այլ սարքավորումներ, օրինակ՝ միացնել սրճեփը, ինքնուրույն փոխել աշխատանքի ռեժիմը և այլն։