168.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իր պարտականություններին զուգահեռ՝ իրականացնում է նաև Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի պարտականությունները: «Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով չպետք է լինի ԳՇ պետ»,- ասել էր նա։

168.am-ը  ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է օրինաչափ, որ ԳՇ պետի պարտականությունները կատարում է Պաշտպանության նախարարը։

«Անդրանիկ Քոչարյանի որևէ խոսք ցանկություն չունեմ մեկնաբանելու, նա կարող է ասել, որ ԳՇ պետի պարտականությունները կատարում է իր վարորդը, կարող է այլ բան ասել… Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարում է ԳՇ պետը, տվյալ դեպքում՝ Օնիկ Գասպարյանը։ Ավելին ասել չեմ կարող, թե ինչ է նկատի ունեցել Անդրանիկ Քոչարյանը, ինչ է մտածել, կամ չի մտածել, սթափ է եղել, թե չէ, և այլն։ Առհասարակ պատրաստ եմ մեկնաբանել ցանկացած ողջամիտ խոսք, սակայն պատրաստ չեմ մեկնաբանելու քաղաքական չհիմնավորված օդային պնդումներ։ Մեկ հոգի այնպիսի պնդում է արել, որը ոչ պաշտպանության ու պետականության, ոչ իրավանության հետ որևէ աղերս չունի»,- ասաց Արամ Օրբելյանը։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի համար էլ բոլորովին անհասկանալի է իշխանական պատգամավորի հայտարարությունը։

«Նախ, Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և նույնիսկ  մեծ ցանկության դեպքում էլ չի կարողանալու կատարել ԳՇ պետի պարտականությունները՝ ըստ մեր սահմանադրության։ Ավելին՝ մենք գտնվում ենք ռազմական դրության պայմաններում, իսկ ռազմական դրության ժամանակ, գիտենք, որ Գլխավոր շտաբի պետն ընդհանրապես չի ենթարկվում Պաշտպանության նախարարին։ Այս առումով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունն աբսուրդի ժանրից է՝ ո՛չ իրավական ու բարոյական, և ո՛չ էլ տեխնիկական հնարավորություն չկա, որ այս իրավիճակում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարի Պաշտպանության նախարարը»,- շեշտեց փորձագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, այդ համատեքստում որևէ բան բացառել հնարավոր չէ, նույնիսկ հնարավոր է, որ ինչ-որ փուլում ասեն, թե ԱԺ ինչ-որ հանձնաժողովի նախագահ է կատարում ԳՇ պետի լիազորությունները։

«Վերջին շրջանում մենք այնքան աբսուրդային իրավիճակներ ենք հանդիպել, որ այս ամենը դժվար է բացառելը»,- եզրափակեց Վիտալի Մանգասարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը չէր ստորագրել Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Սակայն առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ առանձին դիմումով դիմել է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այս հայտարարությունից հետո, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ օրենքի ուժով Օնիկ Գասպարյանն այլևս Գլխավոր շտաբի պետ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել