168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի խնդիրը միայն բանա՞կն է, թե՞ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, միգուցե երկուսը միասի՞ն:

168.am-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ խնդիր կա  նաև Օնիկ Գասպարյանի անձի հետ:

«Դա շատ սխալ է, չպետք է անձնավորվի: Եթե նշված գեներալիտետը, գնդապետները, սպայակազմը ինչ-որ դիրքորոշում են ներկայացրել, որի իրավունքն ունեն, ինչո՞ւմն է նրանց սխալը: Նրանք վիրավորական խոսքեր չեն ասում, ինչպես իրենք են ասում, պարզապես զինված ուժերի գեներալները, ստորաբաժանումների ղեկավարներն արտահայտեցին իրենց վրդովմունքը, ցավը: Ոչ ոք թող չնեղանա, բայց ոչ մի այլ մասնագիտության տեր մարդ այնքան ներդրում չունի հայրենիքի պաշտպանության գործում, որքան զինվորականները: Ես անձամբ 3 ամիս այն տարածքում էի, որտեղ 7 տարի ծառայել եմ՝ Քարվաճառի շրջանում: Ինչքան ցավ էր ինձ համար, երբ որ ես դուրս էի գալիս այդ տարածքից և տեսնում իմ նախկին տունը, որը ես իմ ձեռքով սարքել էի, հրկիզվել է, այրվել: Այդ բաներն իրենք չեն հասկանում, իրենք անձնավորում են: Այսինքն, Օնիկ Գասպարյանն ասաց էսպես…, ոչ, դա Օնիկ Գասպարյանը չասաց, այլ  գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ներկայացրեց ընդհանուր տեսակետ, և դրա համար պետք է նստել և ճշտել՝ ո՞նց կարելի է այդ իրավիճակից դուրս գալ: Մի հատ փորձեք՝ կարո՞ղ եք համեմատվել  Օնիկ Գասպարյանի տեսակի հետ, ես ինքս շատ-շատերին չեմ կարող համեմատել՝ որպես մարդ, զինվորական և որպես նվիրյալ հայորդի, նրա թերությունն իր բարությունն է»,- շեշտեց նա:

Հարցին՝ ԳՇ հայտարարության մեջ նշվում էր, որ ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժել են գործող իշխանության կողմից իրենց  վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները, ի՞նչ սահմաններ են հատվել, գնդապետը չբացելով փակագծեր՝ ասաց.

«Ցավ եմ ապրում, որ այդքան ուշ արտահայտվեցին, որովհետև զինվորականին հարիր է ժամանակին և  մի բան էլ ավելի առաջ գործելը, ոչ թե սպասեն, համբերեն: Ավելի շուտ պետք է իրենց դիրքորոշումը ներկայացնեին: Դուք տեղյակ եք, որ նախքան  պատերազմը ներկայացվել են խնդիրները, վերլուծությունները՝ ինչ միջոցներ ունենք մենք, ինչով պիտի հակազդել, պետություն ենք ի վերջո, պե՞տք է իմանանք՝ եթե թշնամին հարձակվի, ինչի՞ ենք պատրաստ»:

Դիտարկմանը, թե ինչու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ռազմական դրության շրջանակում օրենքով իրեն վերապահված լիազորություններից բխող ավելի կոշտ միջոցներ չի կիրառել, կիրառում, Գուրգեն Խաչատրյանը նշեց՝ Նիկոլ  Փաշինյանին չի դիտարկել՝ որպես թշնամու, ուստի փորձել է խոսքով բացատրել:

«Բայց, ցավոք, ներկայիս վարչապետը չի ուզում ոչ մեկի ասածն ընդունի»,- շեշտեց պահեստազորի գնդապետը:

Իսկ որքանո՞վ են ճիշտ իշխանության պնդումները, որ պարտվել է բանակը, որ դրանում պատասխանատվության իր բաժինն ունի ԳՇ պետը, մեր զրուցակիցը նախ շեշտեց՝ երբ պարտվում է դիվանագիտությունը, սկսվում է պատերազմը:

«Եթե դիվանագիտության մեջ հաղթանակ լիներ, կշարունակվեր բանակցային գործընթացը, ՄԽ-ն կաշխատեր, և պատերազմ չէր լինի: Ինչ վերաբերում է բանակի վրա պարտությունը բարդելուն, գեներալների նկատմամբ քրեական գործեր հարուցելուն, ապա այդպես էլ պիտի լինի, եթե մարդն ասում է՝ թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»,- ընդգծեց Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել