168.am-ը գրում է.

168.am-ն արդեն տեղեկացրել է, որ Կառավարությունը որոշել է, որ Երևան քաղաքին այլևս գլխավոր ճարտարապետ պետք չէ, և գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն քաղաքապետ Հայկ Մարությանի տեղակալների հաստիքների թիվը կհամալրվի ևս մեկով։

168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը խոսելով Կառավարության ընդունած այս որոշման մասին՝ այն համարեց իշխանության՝ ամեն ինչ ապականելու ցանկության հետևանք։

«Քանի որ օրվա իշխանությունը` կենտրոնական և քաղաքային, իր վրա ստանձնել է ամեն ինչ ապականողի դերը, զարմանալի չէ, որ այս ոլորտը ևս ուզում է քանդուքարափ անել: Ըստ էության, Հայկ Մարությանը հաստիքացուցակի օպտիմալացում ասելով՝ պատկերացնում է ուռճացում, ինչի դեմ, ի դեպ, մշտապես խոսվել է: Քաղաքապետի առանց այն էլ մեծ թվով տեղակալների ցանկը համալրվում է, թիվը կավելանա ևս մեկով: Մեսչյանի տարօրինակ հեռացումից հետո որոշել էին խորհուրդ ձևավորել, որը և կիրականացներ գլխավոր ճարտարապետի գործառույթներ։ Թեև այլ բան էին որոշել, բայց հիմա նման որոշում են կայացնում։ Բոլոր մշակույթներն աղճատելով՝ մարդիկ առաջ են գնում»,- ասաց Վարդանյանը:

Ըստ նրա՝ գործող անիշխանության ներկայացուցիչները որոշումները կայացնում են՝ ըստ պահի ազդեցության, և դա է պատճառը, որ հիմա էլ որոշել են նոր փոխքաղաքապետ բերել:

«Այս անլուջ ու պահի տակ մոտեցումներն այլևս ինձ համար տարօրինակ չեն: Այս փոփոխությունների փոխարեն՝ Մարությանին խորհուրդ կտայի մտածել` ինչպես փրկել դերասան Հայկ Մարությանի գոնե մի քանի տոկոսը՝ մինչև քաղաքապետի պաշտոնից հեռանալը»,- խոսքը եզրափակեց  Թեհմինա  Վարդանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել