168.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց ի աջակցություն ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ զինվորականների և քաղաքացիների ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Արման Սաղաթելյանն անդրադարձավ  ԳՇ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակելու հայտարարություններին՝ նկատելով. «Ռազմական հեղաշրջման առանցքային բառը «ռազմական»-ն է, այսինքն՝ փորձում են տագնապ առաջացնել՝ ռազմական, զենք, զինվորականներ…, դա անում են մարդիկ, որոնք բացահայտ Երևան քաղաքի կենտրոնում խաղաղ հավաքի ժամանակ, եռակցմամբ էլ ավելի են ամրացնում ԱԺ դարպասները,  որը, ըստ գլխավոր կապիտուլյանտի, այլևս երբեք փակ չպետք է լիներ ժողովրդի համար, ձայնալուսային նռնակներ են շարում տարածքում և ֆասադում տեղադրում են դիպուկահարների հաշվարկներ: Դուք հասկանո՞ւմ եք՝ մենք ինչից ենք խոսում, ու այդ մարդիկ խոսում են ինչ-որ ռազմական վտանգի, ռազմական հեղաշրջման մասին:

Եթե լիներ որևէ հեղաշրջման նույնիսկ փորձ, ես համոզված եմ, որ այդ մարդիկ նույնիսկ այդ հայտարարությունը անել չէին հասցնելու, այսինքն՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը ևս հակառակ վկայությունն է, որ կառույցը քաղաքական և ողջամիտ եղանակներով կոչ է անում հանգուցալուծել այն խոր և լուրջ ճգնաժամը, որում հայտնվել է մեր պետականությունը»:

Ըստ Արման Սաղաթելյանի՝ կառավարության հրաժարականի պահանջը քաղաքական չէ, քանի որ խոսքը մարդու մասին է, ով ի պաշտոնե պետք է պատասխանատվություն կրի ողջ պաշտպանական համակարգի համար:

Նրա համոզմամբ՝ այժմ մեր երկիրը, մենք բոլորս ծաղրանքի առարկա ենք դարձել ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հարթակներում. «Բանակը արժանապատվություն ունեցող կառույց է  նա չի կարող հանդուրժել այս իրավիճակը, ինչպես չի կարող հանդուրժել ցանկացած ողջամտություն ունեցող քաղաքացի»:

«Երկրի թիվ մեկ զինվորականին աշխատանքից ազատելը դա փլավ ուտել չէ հենց այնպես. դա ոչ իր թերթոնն է, ոչ էլ՝ դուքյանը»,- հավելեց նա:

Անդրադառնալով ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարություններին, թե մենք երեսուն տարի բանակ չենք ունեցել,   պարտություն ենք կրել, և բանակը բարոյական իրավունք չունի նման քաղաքական հայտարարություններ անել՝  Արման Սաղաթելյանը դրանք որակեց խայտառակություն՝ նկատելով՝ «այս տեսակ իշխանամերձ քարոզիչները վերջին շրջանում ակտիվացել են», ապա հիշեցրեց. «Մենք հասել ենք արդեն նրան, որ ձեր կողմից հիշատակած անձը պնդում էր, որ հեղաշրջումը, որն իրենք իրականացրել են, առավել արժեքավոր է ազգի համար, քան Արցախյան ազատամարտում մեր տարած հաղթանակը, ու այդ մարդիկ ցինիկաբար հավաքվում են և գնում են Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ դնելու… Եթե այդ մարդուն այդքան հարգում և պաշտում էիք, չթողնեիք գոնե իր արձանը պղծեին այն քաղաքում, որը նվիրեցիք ադրբեջանցիներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել