«Երեք բառով գրքի մասին՝ ամուսին-կին-սիրուհի»



Blognews.am-ը նույնպես ներկա գտնվեց միջոցառմանը:

Մեզ հետ զրույցում Մարիաննան նշեց.

«Գիրքը սիրավեպ է, սիրո պատմություն, սակայն մի շարք այլ հարցեր է արծարծում՝ փիլիսոփայական հարցեր, կյանքի իմաստի փնտրտուքներ, հակասություններ, հակադրումներ, սովորաբար կյանքում մենք միշտ հակադրում ենք՝ չար-բարի, լավ-վատ, ճիշտ-սխալ, կրոն-գիտություն: Գիրքը շատ բազմաշերտ է, ոչ թե հակադրելու մասին է, այլ համագործակցության եզրեր փնտրելու: Սյուժեն զարգանում է սիրային եռանկյունու շուրջ՝ ամուսին-կին-սիրուհի, որը շատ սկանդալային է մեր հայ իրականության համար, սակայն ինքնաբերաբար այդ եռանկյունին դառնում է քառանկյուն»:




Ի դեպ գիրքը բավականին անսպասելի ավարտ ունի և անտարբեր չի թողնի ընթերցողին: «Կասկադ 6.15»-ը Մարիաննայի առաջին գիրքն է և արդեն իսկ գրավել է շատերին իր սկանդալային և անկանխատեսելի սյուժեի շնորհիվ:


«Որպես լրագրող միշտ ինչ որ հետաքրքիր պատմություններ եմ փնտրել և ինքնաբերաբար ընկել եմ ինքս այդ պատմությունների մեջ: Այս անգամ համակարգչումս բացված հերթական word-ի ֆայլը դարձավ ոչ թե լրագրողական նյութ, այլ գիրք: Ես կարելի է ասել սկսեցի ապրել այս գրքով և տխրեցի, երբ այն ավարտվեց, երբ գալիս է ավարտը կարծես դատարկվում ես, սկսում մտածել թե ինչ նոր բան հորինել»:

Մարիաննան հավելեց, որ արդեն սկսել է գրել երկրորդ գիրքը, այնպես որ «Կասկադ 6.15»-ը ավարտելուց հետո կարելի է արդեն սպասել նոր գրքին:



«Ինձ շատ են հարցնում թե ինչու՞ «Կասկադ 6.15», դա ժա՞մ է թե ի՞նչ, ինչու՞ մեկ կետով.
դա կարելի է ասել հերոսուհու առանձնահատկություններից է, որ նա ժամերը գրում է ոչ թե երկու կետերով, այլ մեկ, նա ժամադրում է այդ ժամին մյուս հերոսներին, իսկ իրադարձությունները տեղի են ունենում կասկադի սրճարաններից մեկում»:


Միշտ հեղինակին փնտրում են հերոսների մեջ, յուրաքանչյուրս գիրք ընթերցելիս մտածում ենք արդյո՞ք գլխավոր հերոսը հեղինակն է: Մարիաննան նշեց, որ նա կա յուրաքանչյուր հերոսի մեջ և՛ ամուսնու, և՛ կնոջ, և՛ սիրուհու:

Կազմի գույները ընտրված են Մարիաննայի սիրելի գույներով, իսկ հերոսուհին գրքի կազմին կիսամերկ է, ասես բնորոշում է իրեն՝ ազատ իր էությամբ, համարձակ, խոսում է բաց հարցերի մասին մեր իրականությունում և ասես բացել է իր հոգին: Գիրքը հետաքրքիր ենթավերնագրերից է բաղկացած, օրինակ առաջին իսկ ենթավերնագիրը՝ «Ու ամեն ինչ կսկսի հանդիպումից», «Ցուցակի տղամարդիկ և երեք տոպրակ հակաբիոտիկ» և այլն: Ընթերցողի համար գիրքը շատ հեշտ և մեկ շնչով ընթերցվող է, «Կասկադ 6.15»-ը արդեն կարող եք ձեռք բերել բոլոր գրախանութներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել