168.am-ը գրում է․

«Գեներալը զորք կառավարող սպա է, եթե գեներալը զորքի լեզվով չի խոսում, ուրեմն՝ իր ասածն էական նշանակություն չունի: Այսինքն՝ եթե դու գեներալ ես, ուզում ես, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, պետք է զորք մտցնես քաղաք, Նիկոլ Փաշինյանին հեռացնես իշխանությունից, հետո նոր հայտարարություն տարածես, կամ տարածեցիր՝ անմիջապես հետո պետք է զորքը գա: Այդ զորքի գործոնը գեներալի դեպքում պետք է լինի, եթե զորքի գործոնը չկա, գեներալ չկա, հետևաբար՝ իր կոչերը, հայտարարություններն իմաստ չունեն»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի և մյուս բարձրաստիճան զինվորականների հայտարարությանը:

Արթուր Դանիելյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի դիրքերն ամրացել են. «Նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին և հաջորդող օրերին Նիկոլ Փաշինյանը վախենում էր բունկերից դուրս գար, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ նաև ես և իմ ընկերները, բառացիորեն որս էինք հայտարարել, հիմա նա շատ հանգիստ կարողանում է տեղաշարժվել, նույնիսկ հետիոտնի կարգավիճակով Երևանի փողոցներում: Սա համար մեկ ցուցիչն է, որ իր դիրքերն էականորեն ամրապնդվել են: Նիկոլ Փաշինյանն առաջ չէր կարողանում փողոց դուրս գալ, իսկ օրինակ այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, գնացել է և Վազգեն Սարգսյանի արձանը պղծել է իր ներկայությամբ, ու որևէ խնդիր չի ունեցել դա անելիս»:

Հարցին՝ բախումներն ու արյունահեղությո՞ւնն են ելքը, նա պատասխանեց. «Իհարկե»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհն արյունահեղությո՞ւնն է, նա այսպես պատասխանեց. «Ուրիշ որևէ ճանապարհ չկա, ես ձեզ հավատացնում եմ, ու չի էլ եղել 2018թ. ի վեր»:

Նա նշեց, որ փորձում են հայկական գործակալական ցանց ստեղծել, որը, ըստ Դանիելյանի՝ ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու գաղափարախոսության շրջանակներում առաջացած միտք է:

Արթուր Դանիելյանի կարծիքով՝ ընդդիմության օրակարգում պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հարցի բարձրացումը. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կա՝ Արցախի անկախությունը չի ճանաչվելու, բայց քանի որ մեր ընդդիմությունը չի ասում, որ դա պետք է արվի, և այլընտրանքային օրակարգ առաջ չի բերում, ես չեմ հասկանում՝ ինչու են իրենք պահանջում հրաժարականը»:

Նա ընդգծեց՝ պատրաստ է սկսել և շարունակել պատերազմը. «Ասեմ ավելին՝ ինձ զարմանալի է թվում, երբ, այդ թվում՝ ընդդիմադիրները, սկսում են շահարկել զոհերի քանակը, պատերազմի աղետալի հետևանքները: Լսե՛ք, մենք մեր ՄՈԲ ռեսուրսի ընդամենը 10 տոկոսն ենք կորցրել, մինչդեռ Հայրենական պատերազմի ժամանակ 20 անգամ ավելի զոհ ենք ունեցել: Իսկ այս հայրենականը, որ մեզ համար իսկապես հայրենական էր, չգիտես ինչու՝ 5000-ով սահմանափակվեցինք: Ես դրա իրավունքն ունեմ ասելու, որովհետև ես իմ և իմ ընկերների կյանքը զոհասեղանին դրել եմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել