168.am-ը գրում է.

Թուրքիայիում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը։ Ինչպես նշում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից՝ 6-շաբաթյա զորավարժությունները ևս անցկացվում են «Մեկ ազգ, երկու պետության» կարգախոսի շրջանակներում։ Տարբեր փորձագետների կողմից սա ընկալվում է՝ որպես հերթական սպառնալիք Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Նկատենք՝ երեկ 168.am-ը տեղեկացրել էր նաև, որ Ադրբեջանը խախտելով պայմանավորվածությունը՝ խրամատավորվել է Որոտանին մերձ հատվածում:

Թե ի՞նչ պրոցեսներ պետք է ակնկալել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հատկապես այս օրերի ակտիվությունից՝ հետաքրքրվեցինք տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանից:

Ի պատասխան՝ նա ասաց. «Այս անգամվա համատեղ զորավարժությունները պետք է անցկացվեն Հայաստանի Հանրապետության սահմանից մոտ 1200 կմ հեռավորության վրա: Սա հետաքրքիր է, որովհետև առաջին հայացքից թուրք-ադրբեջանական տանդեմը, որն աշխարհի համար ընկալվում է՝ Հայաստանի դեմ ռազմական ալյանս, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանից այդքան հեռավորության վրա:

Սա, կարծում եմ, պարզապես տարածաշրջանում խաղացող երկրներին, տվյալ  դեպքում՝ Ռուսաստանի Դաշնությանը հանգիստ թողնելու մեսիջ է, որ սա ուղղված չէ Հայաստանի Հանրապետության դեմ, այլ պարզապես համատեղ զորավարժություններ են, և մյուս կողմից՝ նաև աշխարհին են փորձում հասկացնել, որ ստեղծվում է  թուրքական ռազմական ալյանսը, որը կլինի ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի այլընտրանքը (ինչպես գիտենք, ՀԱՊԿ-ում նաև թյուրքալեզու պետություններից են ընդգրկված, և սա ավելի շատ սրան է միտված, սրան է ուղղված)»:

Այդուհանդերձ, փորձագետի համոզմամբ՝ անկախ զորավարժությունների համար ընտրված տարածքից, թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն օգտագործվում է բացառապես հայերի դեմ, որոշ դեպքերում՝ քրդերի դեմ:

Անդրադառնալով Որոտանին մոտ հատվածում Ադրբեջանի կողմից դիրքերի ամրապնդման աշխատանքներին՝ Կարեն Հովհաննիսյանը տարակուսանք հայտնեց.

«Եթե Հայաստանը և նույն Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ պատերազմն ավարտվել է, ապա պետք է ասեմ, որ, որպես կանոն, չպատերազմող երկրներում ոչ թե խրամատներ են փորվում, այլ ընդամենն անցկացվում են փշալարեր, դրվում են ուղեկալներ, այսինքն՝ արվում է պետական սահմանի կահավորում՝ խաղաղ պայմաններին հարիր մթնոլորտում:

Այդ խրամատները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ պատերազմը չի ավարտվել, և Թուրքիայի ու Ադրբեջանի նկրտումները՝ Սյունիքի, ընդհանրապես՝ Զանգեզուրի հետ կապված, դեռևս արդիական են, և նրանք դեռևս նպատակներ ունեն այստեղ իրականացնելու, և խրամատներն առաջին քայլերն են հետագա պատերազմի»:

Հիշեցնենք՝ մարտի 4-ին Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Ըստ պայմանավորվածության՝ սահմանապահներն իրավունք չունեն խրամատ քանդեն, իսկ եթե խրամատ է քանդվում, ստացվում է՝ կամ ինքնապաշտպանություն է անում, կամ էլ ուզում է հարձակվի»:

Նա մանրամասների համար հորդորել էր դիմել պետության ղեկավարությանը, Պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը:

Պաշտպանության նախարարությունից մեզ ուղղորդել էին դիմել Ազգային անվտանգության ծառայություն, որտեղից էլ, մասնավորապես, տեղեկացրել էին.  «Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»:

Ավելի վաղ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր.  «Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։  Բայց արի ու տես, որ թուրքի լամուկներն այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և GPS-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել