Եգիպտոսը մշտապես գտնվում է գիտնականների ուշադրության կենտրոնում. հնագետները տասնամյակներ շարունակ դրա տարածքում պեղումներ են իրականացնում՝ հնագույն քաղաքակրթության վերաբերյալ նոր վկայություններ գտնելու սպասումներով։ Վերջերս Կահիերից ոչ հեռու գտնվող տեղանքում ուսումնասիրողներին հաջողվել է գտնել արժեքավոր և նշանակալից առարկաներ, այդ թվում՝ օծանելիքի շիշ։ Բացառված չէ, որ այն պատկանել է հենց թագուհի Կլեոպատրային։ Գիտնականները ցանկացել եմ իմանալ, թե ինչ բույր է ունեցել հնագույն օծանելիքը, այդ իսկ պատճառով փորձել են վերստեղծել այն։

Հետազոտողներ Ջեյ Սիլվերստեյնն ու Ռոբերտ Լիտմանն արդեն երկար տարիներ ուսումնասիրում են եգիպտական պատմությունը։ Նրանք հնագետների այն խմբի կազմում են, որը հայտնաբերել է արժեքավոր առարկաները։ Պեղումներն անցկացվել են Թել-Թիմայ-էլ-Ամդիդ բլրի վրա, որտեղ ավելի քան 6000 տարի առաջ գտնվել է հնագույն եգիպտական Տմուիտ քաղաքը։ Օծանելիքային արտադրանքը, որը հնում պատրաստվում էր Տմուիտում, վաճառվում էր ոչ միայն տեղի շուկաներում, այլև մեծ պահանջարկ ուներ հարևան երկրներում։

Հայտնաբերված օծանելիքի շշի մեջ հայտնաբերվել են յուղային հեղուկի կամ էսենցիայի հետքեր։ Անցկացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ նյութը պատրաստված է եղել ծառերի խեժից և Կոմիֆորա թփից։ Ի դեպ, դրանք մինչ օրս պահանջված են օծանելիքի արտադրության ոլորտում։

Հայտնաբերված յուղային օծանելիքը վերստեղծելու համար հնագետների խումբը հրավիրել է օծանելիքի պատմության մասնագետների։ Վերջիններս ուսումնասիրության են ենթարկել մնացորդները և զարմանալիորեն կարողացել են պարզել, թե ճշգրտորեն ինչից է պատրաստված եղել օծանելիքը։ Բաղադրությունը կարող է զարմացնել. դրանում առկա են եղել ձիթապտղի յուղ, կարդամոն և դարչին։ Օծանելիքը վերստեղծել են, և այն ստացվել է բավականին խիտ, յուղոտ, սակայն վառ ու հաճելի բույրով։

Եթե դիտարկենք, որ Կլեոպատրան օգտագործել է այս օծանելիքը, ապա ենթադրելի է, որ դրա բույրը մաշկի վրա զգացվել է շատ երկար ժամանակ։ Ինչպես պատմում է Ռոբերտ Լիտմանը՝ հնագետները բազմաթիվ անգամներ են հայտնաբերել հետաքրքրական պարֆյումերային կոմպոզիցիաներ։ Դա նշանակում է, որ օծանելիքները մեծ տարածում են ունեցել Հին Եգիպտոսում։

Ուսումնասիրություններից հետո օծանելիքի մնացորդները հանձնվել են Վաշինգտոնի ազգային աշխարհագրական թանգարանին և մինչ օրս այնտեղ են գտնվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել