168.am-ը գրում է.

Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով  11 թուրք զինծառայող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Վթարի զոհերից մեկն է դարձել Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշը:

Ո՞վ է Օսման Էրբաշը

Թուրքական մամուլում հեղեղվել են գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասները: Հատկանշական է, որ Էրբաշի զինվորական գործունեության մեջ հայկական հետք նույնպես կա: Ինչպես հաղորդվում է, նա իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին և թուրքական ռազմական խորհրդականներին` Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու հարցում»:

Թուրք գեներալը կանգնած է եղել «Բայրաքթարների» ստեղծման ակունքներում:

Էրդողանի փեսան` ԱԹՍ արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարն իր Telegram-ի ալիքում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել, միասին են փորձարկել անօդաչուները:

Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ:

Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈՒ ակադեմիան:

2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կամակերպված հեղաշրջման փորձի ժամանակ, աջակցելով Թուրքիայի իշխանություններին:

Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել