Տարբեր երկրների գիտնականներից կազմված հետազոտական խումբը անտարկտիկական սառույցների տակ պատահաբար հայտնաբերել է կյանքի նշույլներ։ Նրանք մոտ 900 մ խորությամբ փոս էին փորել բաց ծովից մոտ 250 կմ հեռավորության վրա՝ ուսումնասիրելու Ֆիլխների սառցաշերտը։

-2 աստիճան ջերմությամբ ջրում՝ հսկայական սառցաշերտի տակ, նրանք ամենևին չէին նախատեսում կենդանի օրգանիզմներ գտնել։ Փորելուց հետո ուսումնասիրողները հատուկ պարան իջեցրին փոսի մեջ, որի ծայրին տեսախցիկ էր ամրացված։ Տեսախցիկը գիտնականներին ապշեցուցիչ պատկեր ցույց տվեց. ակնկալվող պղտոր հատակի փոխարեն նրանք տեսան մեծ քարի նմանվող մի բան, որը պառկած էր հատակին։ Ի զարմանս նրանց՝ հայտնաբերվեց կենդնի օրգանիզմների մի ամբողջական գաղութ, որոնք արտաքնապես հիշեցնում էին սնկի կամ սպունգի։

Ըստ գիտնականների՝ պատմության մեջ առաջին անգամ նման դժվար պայմաններում հայտնաբերվել են կենդանի օրգանիզմներ։ Նրանք նաև ավելացնում են, որ ավելի վաղ գոյություն ունեցած վարկածներն այն մասին, որ կենդանի օրգանիզմները չեն կարող գոյատևել նման սաստիկ պայմաններում, կասկածի տակ է դրվում։ Նախկին բոլոր տեսությունների համաձայն՝ ինչքան հեռու ենք գնում արևի լույսից և բաց ջրերից, այնքան հազվադեպ են հանդիպում կյանքի նշույլներ։

Գիտնականները դեռ չգիտեն՝ ինչպես են արարածներն այնտեղ հայտնվել, ինչպես նաև թե ինչով են սնվում և, առհասարակ, ինչ են իրենցից ներկայացնում։ Կենդանի օրգանիզմների որոշ տեսակներ ունակ են սնվելու ծովի հատակին գտնվող մեթանով, ինչպես նաև այն ամենով, ինչն արտաքին աշխարհից հայտնվում է սառույցների տակ։ Սակայն արդյոք հայտնաբերված օրգանիզմները նման եղանակով են սնվում, թե ոչ, դեռևս անհայտ է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել