Hraparak.am-ը գրում է.

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաք-փարթիին մասնակցում էին ամենաբազմազան մարդիկ՝ գյուղերից բերված «թունդ նիկոլականներ», Շուշին ու Արցախն ի սկզբանե ադրբեջանական համարողներ, «դիրքերից իջած» համասեռամոլներ, վարչական ռեսուրսի չարաշահմամբ մարզպետարաններից ու տարբեր պետական հիմնարկներից ավտոբուսներով հրապարակ բերված պետական ծառայողներ եւ նրանց կողքին՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ իր անվտանգության աշխատակիցներով։ Երեկ կառավարության նիստից հետո նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ էր մասնակցում մարտի 1-ի միտինգին, իսկապես զարմանալի էր

ՊԵԿ նախագահի նման մարդուն տեսնել վերը թվարկված կոնտինգենտի կողքին։ Նա հպարտորեն խոստովանեց, որ որպես Նիկոլ Փաշինյանի աջակից է մասնակցել միտինգին։

- Պարոն Հովհաննիսյան, Դուք ներքին համոզմունքո՞վ էիք գնացել Նիկոլ Փաշինյանին աջակցելու։

- Այլ կերպ ո՞նց եք պատկերացնում։

- Այլ կերպ պատկերացնում եմ վարչական ռեսուրսի չարաշահմամբ, օրինակ՝ վարչապետն ասել է, որ Դուք պետք է գնաք, գնացել էիք։

- Եթե Ձեր հարցն էն ենթատեքստն ունի, որ ինչ-որ մեկն ինձ հանձնարարել է կամ պահանջել է միտինգին մասնակցել, ուրեմն որպես ի գիտություն ասեմ՝ միտինգին մասնակցելու վերաբերյալ ոչ ոք ինձ նման հանձնարարություն տալու իրավունք չունի՝ գալ, թե չգալ։

- Իսկ նորմա՞լ է, որ աշխատանքային ժամին ՊԵԿ նախագահը քաղաքական ակցիայի է մասնակցում։

- Դա իմ ժամանակն է, քաղաքական ակցիայի չէի եկել ես, ես եկել էի որպես ՀՀ քաղաքացի, ներկա եմ գտնվել եւ գնացել եմ իմ աշխատանքին։

- Որպես աջակի՞ց էիք գնացել։

- Այո։ Գնահատել եմ՝ իմ ժամանակը բավարար է, եկել եմ։

- Ինչո՞վ եք աջակցում Նիկոլ Փաշինյանին, պարոն Հովհաննիսյան։

- Իմ ներկայությամբ։

- Նկատի ունեմ, օրինակ՝ ստորագրեց փաստաթուղթ, որով հողերը հանձնեց, նրա թույլ տված սխալների հետեւանքով 5 հազար զոհ ունեցանք։ Այդ հարցերում, օրինակ, աջակցո՞ւմ եք նրան։

- Էդ հարցերի վերաբերյալ ես մեկնաբանություն տալու իրավասություն չունեմ եւ չեմ կարող, քանի որ բոլորովին այլ բնույթի են եւ իմ՝ որպես պետական ծառայողի, ո՛չ գործառույթներին են վերաբերում, ո՛չ էլ գնահատական տալու իրավասություն ունեմ։

- Բայց Դուք՝ որպես պետական ծառայող, Ձեր գործառույթներից դուրս եք եկել ու միտինգի եք մասնակցել, գնացել եք աջակցելու, ուզում եմ հասկանալ՝ գաղափարապես ինչի՞ն եք աջակցել, օրինակ՝ հողերը հանձնելու պրոցեսին աջակցե՞լ եք։

- Ոչ, հողերը հանձնելու պրոցեսին ես չեմ աջակցել։

- Իսկ ինչի՞ն եք աջակցել, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում ԶՈւ ԳՇ պետը, տասնյակ սպաներ, քաղաքական ուժեր։

- Վահե ջան, Պետեկամուտների կոմիտեի վերաբերյալ հարցեր տվեք, կպատասխանեմ։

- Ուզում եմ հասկանալ՝ օրինակ՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՊԵԿ նախագահը կարո՞ղ էր մասնակցել նման միտինգի։

- Չեմ կարող ասել, ինչո՞ւ չէր կարող գալ։

- Այդ ժամանակ մեղադրում էին Սերժ Սարգսյանի իշխանությանը վարչական ռեսուրսի չարաշահման մեջ։

- Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գա՞ մասնակցի, թե՞ չգա մասնակցի։ Դուք բացառո՞ւմ եք, որ նախկին տարիներին պետական պաշտոնյաները եկել մասնակցել են միտինգներին։

- Չեմ բացառում, ավելին՝ քննադատել եմ։ Դրա համար ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է նույնը տեղի ունենում այսօր՝ այս գրեթե սուրբ իշխանությունների օրոք։

- Նույնը տեղի չի ունենում, ես ասում եմ՝ ես եկել եմ իմ կամքով։

- Իսկ ՊԵԿ մյուս պաշտոնյաներն է՞լ էին իրենց կամքով եկել։

- Մյուս պաշտոնյաներ չեն եղել, եղել են իմ անվտանգության աշխատակիցները։

- Բայց կարծեմ ՆԱՎ-ի՝ Ներքին անվտանգության վարչության պետն էլ էր այնտեղ։

- ՆԱՎ-ի պետը անվտանգության ծառայության ղեկավարն է։

- Ձեզ կողքին այդ օրը հավաքվածների մեջ կային մարդիկ, ովքեր համարում էին, որ Շուշին միշտ էլ ադրբեջանցիներինն է եղել, ասում էին՝ թող թուրքը մտնի, մեր ու մանուկ կոտորի, միայն թե նախկինները հետ չգան․ Ձեզ պատիվ բերո՞ւմ է՝ գտնվել այդպիսի մարդկանց կողքին։

- Դուք ճանաչո՞ւմ եք էդպիսի մարդկանց, որ իմ կողքերն են եղել։

- Այդ նույն տարածքում եք եղել, եւ որպես աջակից՝ իրենք էլ Ձեզ նման հավասար իրավունքով եկել էին մասնակցելու միտինգին։

- Ես Ձեզ հորդորում եմ, որ հարցեր ուղղեք Պետական եկամուտների կոմիտեից։ Եթե Դուք նկատի ունեք, որ ես ակցիային մասնակցել եմ, եւ դա Ձեզ իրավունք է վերապահում քաղաքական բնույթի հարցեր տալ, ապա ասեմ, որ ես քաղաքականությամբ երբեք իմ կյանքի ընթացքում չեմ զբաղվել, որեւէ քաղաքական կուսակցության չեմ հարել եւ ընդհանրապես՝ քաղաքականության մեջ չեմ եղել, ավելին՝ չեմ էլ լինելու։

- Բայց քաղաքական ակցիայի եք մասնակցել։

- Ինձ համար դա քաղաքական ակցիա չէ, ինձ համար դա համաժողովրդական հավաք է։

- Իսկ ինչո՞ւ Բաղրամյանի հավաքներին էլ չեք մասնակցում, էնտեղ էլ է ժողովուրդ հավաքված։

- Ես եմ որոշում՝ որ հավաքին մասնակցեմ։

- Օրինակ՝ Ձեզ հայրենիքի փրկությունը չի՞ հետաքրքրում։

- Իհարկե, հետաքրքրում է։

- Բա ինչո՞ւ չեք մասնակցում Հայրենիքի փրկության շարժման հավաքներին, այլ մասնակցում եք մի մարդու կազմակերպած հավաքին, ում օրոք հայրենիք ենք կորցրել։

- Այդ սուբյեկտիվ գնահատականները, թե որ հավաքն ինչի համար է, եկեք թողնենք՝ ամեն մեկս մենք որոշենք, էլի, որ հավաքն ինչ նպատակ ունի, լա՞վ։ Ես ուրիշ մեկնաբանություն կարող եմ տալ։

- Տվեք։

- Ես կարծում եմ, որ էդ հավաքը (Հայրենիքի փրկության շարժում) իշխանության հասնելու հավաք է։

- Բայց իրենք ասում են, որ հավաքվում են այս իշխանությունից ազատվելու համար, որովհետեւ Փաշինյանի օրոք մենք Արցախն ենք կորցնել ու հիմա էլ Հայաստանը կորցնելու վտանգի տակ ենք։

- Դա իրենց կարծիքն է, ես ունեմ իմ կարծիքը, իմ մոտեցումները եւ ես եմ որոշում՝ որ հավաքին մասնակցեմ։

- Կարո՞ղ ենք ասել, որ սրանով Դուք ապահովագրեցիք Ձեր հետագա պաշտոնավարումը, կա՞ր նման միտում Ձեր կողմից, երբ մասնակցում էիք միտինգին։

- Ես էդ հարցին, ըստ էության, պատասխանել եմ եւ ես Ձեզ հորդորում եմ՝ նման ենթատեքստով հարց ինձ չտալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել