Հայաստանում ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարար­տանյութը: Մյուս կողմից՝ նախորդ տարվա հուլիսի 19-ից ջերմոցատերերի համար բարձրացել է գազի գինը, օրինակ՝ ջերմոցային տնտեսու­թյունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, 1000 խմ-ի դիմաց վճարում են 224 դոլար՝ նախկին 212- ի փոխարեն:

Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը՝ Հրաչիկ Բաբախանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ գազի գինը բավականին բարձր է, այն ապրանքի ինքնարժեքի գերակշռող մասն է կազմում. «Այս պահին տեղական շուկայում թուր­քական ծագման լոլիկ կա, դուք ինքներդ կարող եք մոնիտորինգ անել մեծածախ շուկաներում, փաստացի կտեսնեք, եւ բավականին էժան է տե­ղական արտադրանքից»:

Տեղեկացնենք, որ Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում հայտարարեց, որ մտադիր է հանդես գալ այն երկարացնելու առաջարկով: Թվում է, թե այս ամենի արդյունքում կարող են շահել տեղական ջերմոցատերերը, բայց, մասնագետների խոսքերով, էժան է նաեւ իրանական ծագ­ման բանջարեղենը, լոլիկն այնտեղ մայիսին հասնում է: Այսինքն՝ Թուրքիայից լոլիկ ներկրողը կարող է այն ներմուծել Իրանից: Ստացվում է, որ դարձյալ տուժելու են հայրենի գյուղատնտեսները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել