168.am-ը գրում է․

Փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ ՀՀ ԶՈՒ  Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական   հեղաշրջման  փորձ է: Ավելի ուշ՝ մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում միտինգային  ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով  ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, մեջբերեց ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետը՝  ՀՀ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում  են  չեզոքություն: Այն, որ Սահմանադրությանը հղում անելու Փաշինյանի փորձերն անտեղի են, ինչպես նաև՝ հեղաշրջման  փորձի մասին պնդումները, դա  փաստ է,  գոնե  այս  պահի  դրությամբ, բայց  փորձենք այս համատեքստում այլ փաստերի անդրադառնալ և որոշ հարցադրումներ անել:

2018-ի հուլիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Yerevan.Today»-ի հետ հարցազրույցում մանրամասներ էր հայտնել 2008թ. փետրվարի 23-ին ԶՈւ հրամանատարական կազմի հետ իր հանդիպման վերաբերյալ, որի ժամանակ խոսել էր այդ ժամանակվա պաշտպանության փոխնախարարների՝ քաղաքական գործընթացներին խառնվելու մասին:

«Ընտրություններից անմիջապես հետո ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էի Մոսկվայում: Բողոքողների ցույցերը Ազատության հրապարակում դեռ նոր էին սկսվել, իսկ Տեր-Պետրոսյանը, ով հավաքել էր ձայների 21,5 տոկոսը, իրեն հայտարարել էր ընտրված նախագահ, չնայած ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներին, որոնք փաստում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը:

Փետրվարի 21-ի երեկոյից սկսած ինձ մի քանի անգամ զանգահարեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը՝ հաղորդելով Երևանում տեղի ունեցողի մասին տագնապալի լուրեր:

Նա պատմեց, որ Տեր-Պետրոսյանը շարունակվող չարտոնված ցույցի ժամանակ հայտարարել է իրեն ՀՀ ընտրված նախագահ ու ասում է, որ իրենք պետք է կազմաքանդեն պետական մեքենան, և, որ այն իբր թե արդեն ճաքեր է տալիս: Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»:

Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով:

Շենքի մոտ այդ ընթացքում հավաքվել էին կազմակերպության շատ անդամներ` ավելի ցածր կոչումով զինվորականներ, ոմանք` զինված: Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար: Պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել, և ես կրճատեցի այցիս ժամկետը ու վերադարձա Երևան՝ արդեն փետրվարի 22-ի երեկոյան:

Հենց Երևանի օդանավակայանում հանձնարարեցի հավաքել բանակի բարձր հրամանատարական կազմը նախագահական պալատում փետրվարի 23-ի առավոտյան: Հանդիպմանը ասել եմ բանակի և ընդհանրապես սպայակազմի` քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին և պահանջել բոլոր գործող և «Երկրապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներից՝ կողմնորոշվել. կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից:

Անընդունելի է, երբ գեներալները, բանակով զբաղվելու փոխարեն, երկու օր շարունակ քննարկում են փաստացի կիսառազմական կառույցի քաղաքական կողմնորոշումը:

Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում /այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն/: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից: Առավել ևս՝ Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա: Խոսակցությունը եղել է խիստ և շատ կարճ: Որևէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել»,- ասել էր ՀՀ երկրորդ նախագահը:

2008-ի փետրվարյան հանրահավաքներից մեկի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատեց վերը նշված փաստը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, թե «կանգնած են ժողովրդի կողքին և  պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»»:

Նա վստահություն էր հայտնել, որ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա երկու փոխնախարարներին:

Ուշադրություն դարձրեք՝ խնդիրը ոչ թե անվտանգային է, այլ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական նախընտրության մասին է խոսքը: Եվ, ինչպես Փաշինյանը կասեր, նրանք որդեգրել էին ընդդիմադիր կեցվածք, երբ դեռ պաշտոններին հրաժեշտ չէին տվել:

Նշենք, որ Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից Գագիկ Մելքոնյանն ազատվել է 2008-ի ապրիլի 23-ին: Մարտական պատրաստության գծով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնն այդ ժամանակ զբաղեցնող  Մանվել Գրիգորյանին ևս Ռոբերտ Քոչարյանն ազատել է՝ հետընտրական զարգացումներով պայմանավորված:

Հիմա հարց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ  Օնիկ Գասպարյանին  քաղաքական հրահանգ կատարելու մեջ մեղադրող և 2008-ին այդ նույն հարթակից ելույթ ունեցող և մարտիմեկյան իրադարձությունների առանցքային դերակատարներից հանդիսացող Նիկոլ Փաշինյանին. ինչո՞ւ այդ ժամանակ «Մանվել, Մանվել» գոռալու փոխարեն՝ չհիշեց Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետը, երբ կար քաղաքական գործընթացին ակնհայտ մասնակցություն ՊՆ պաշտոնյաների կողմից, և ոտնահարվում էր Սահմանադրությունը: Ինչո՞ւ:

Լավ կլիներ, որ  Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ պատասխաներ այս հարցին, կամ գոնե հիշելով այս փաստը՝ լռեր և անհիմն կամ չփաստարկված մեղադրանքներ չհնչեցներ Զինված ուժերի հասցեին:

Հայտնի խոսք կա՝  «կարելի է ազատ լինել մեկնաբանության մեջ, բայց պետք է հիշել, որ փաստերը սուրբ են»:

Հիշեցնենք, որ օգտվելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական  իրավիճակից, 2008-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերն ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը Մարտակերտի Լևոնարխ գյուղի հատվածում  ներխուժել էր պաշտպանական դիրքեր ու գրավել դրանցից մեկը: Սակայն մի քանի ժամից պաշտպանական բանակի ստորաբաժանումները դրանք ետ էին վերցրել: Ադրբեջանցիները փախուստի են դիմել՝ թողնելով 8 դիակ և ռազմամթերք:

Մի առիթով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն էր, հայտարարել է, որ Լևոնարխի այս գործողության ժամանակ, ընդհանուր առմամբ,  հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ունեցել են  19 զոհ, մեր կողմից եղել է  երկու վիրավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել