Armenpress.am-ը գրում է.

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ որևէ հարցի չի պատասխանել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ցուցմունք չեմ տվել: Թե որտեղ են քննիչները հանցակազմ տեսել, խոսակցություն չգնաց, պարզաբանում չեղավ, որովհետև ոչ մի հարցի չեմ պատասխանել»,- ասաց Մանուկյանը:

Պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ Քննչական կոմիտեի քննիչները փորձել են Վազգեն Մանուկյանի մի քանի քաղաքական հայտարարությունները դիտարկել քրեական օրենսգրքի հետ, սակայն, ըստ պաշտպանի, այս ամենը «պրիմիտիվ քաղաքական հետապնդում է»:

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել