«Իմքայլական նորաթուխ պատգամավոր, Արմավիրի նախկին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքի նպատակը մարդկանց հետ հաղորդակցվելն էր, Փաշինյանն ասելիք ուներ, «բազմապիսի» առաջարկներ հնչեցրեց և ուզում էր լսել հանրության արձագանքը․ «Ես կարծում եմ, որ մեր ակնկալիքն արդարացված էր»։ 

- Դըմփ-դըմփ հու-ն է՞լ էր հաղորդակցության բաղկացուցիչ մաս, ի՞նչ էիք ուզում դրանով ասել։

- Ես չգիտեմ՝ Դուք ինչի մասին եք ասում, բայց միևնույն ժամանակ, երբ Դուք նման հարց եք բարձրացնում, հիշեք, որ մի քանի օր առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ բեմադրությունը (նկատի ունի Չաուշեսկուի և կնոջ գնդակահարության պերֆորմանսը՝ Լ․ Շ․), հիմա ասեք՝ դրանք համադրելի՞ են։

- Եթե խոսքը տեղափոխում եք այդ բեմադրություն և դատապարտում, ապա մարդիկ էլ ձեզ՝ իշխանություններիդ խորհուրդ տվեցին հիշել 2018-ի դագաղների, սև ժապավենների շքերթը։

- Գիտեք ես իրենց ինչ կպատասխանեմ․ երբ ես զբաղեցնում էի Արմավիրի փոխմարզպետի պաշտոնը, գրեթե բոլոր հոգեհանգիստներին գնում էի ու հանգիստ նայում էի զինվորի ծնողի աչքերի մեջ, այո, գլուխս կախ էի նայում զինվորի ծնողի աչքերի մեջ, բայց երբեք որևիցե շահարկում՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, չեմ արել։ Մեզնից ավելի սրտացավ, մեզնից ավելի շատ զինվորի մահով ցավացող ուժ թերևս ես չեմ տեսնում։

- Իմ հարցն ու Ձեր պատասխանն իրար հետ կապ ունեի՞ն, հիմա ինչո՞ւ եք դա ասում։

- Ասում եմ նրա համար, որ որևիցե իրողություն չփորձեն շահարկել։

- Ուզում եք կանխել իմ հաջորդ հարցը, թե ինչու էիք ծափ-ծիծաղով հանրահավաք անում։

- Ակնհայտ է, որ հանրահավաքի ընթացքում կային հազարավոր մարդիկ, ինչը որ հանրահավաքի էներգետիկան բարձրացնում էր։

- Իսկ այդ էներգետիկան ինչի՞ վրա էր հիմնված, ի վերջո, Արցախի 75 տոկոսն էլ մերը չէ, ունենք ավելի քան հինգ հազար զոհ, հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, բազում խնդիրներ։

- Ժողովուրդը ևս մեկ անգամ հնարավորություն էր ունեցել իր կողմից ընտրված վարչապետի հետ առերեսվելու, հանդիպելու։

- Բայց չէ՞ որ այդ վարչապետն է այս իրավիճակի պատասխանատուն։ Ձեզ չի՞ մտահոգում, որ իշխանության աջակիցներն այնպիսի մարդիկ են, որ այս ամենը չեն գիտակցում։

- Ընդհանրապես Ձեր հարցադրումն իմ դուրը չեկավ։ Ես իմ յուրաքանչյուր քաղաքացու կողքին եմ, թեկուզ այն քաղաքացու, որը դեմ կարտահայտվի ինձ։

- Ձեզ մոտ հարցեր չե՞ն առաջացնում, թե ովքեր են եկել, այդ ինչու էին այդպիսի էներգետիկա առաջացրել, եթե հիմա ուրախանալու առիթ չունենք։

- Ես մտածում եմ, որ ունենք, այո, բազում խնդիրներ, որոնք պետք է լուծենք։ Ինչ վերաբերում է էներգետիկային, կրկնում եմ՝ ժողովուրդը ևս մեկ անգամ հնարավորություն է ունեցել իր կողմից ընտրված վարչապետի հետ առերեսվելու։

- Փաստորեն, վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում պարզ դարձավ, որ իշխանությանն ընդամենը մոտ 20 հազար մարդ է աջակցում։

- Վարչական ռեսուրս չի կիրառվել, իսկ իշխանությանն էլ հարյուր հազարավոր մարդ է աջակցում։ 

- Ի դեպ, հրապարակը «Նիկոլ, վարչապետ» էր վանկարկում, ընդվզում արտահերթ ընտրությունների առաջարկից։ Դուք պնդում եք, որ հարյուր հազարների աջակցությունն ունեք, այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների հարցը կրկին օրակարգ բերեց։

- Ընդունում ենք, որ յուրաքանչյուր իշխանություն պետք է ընտրված լինի ժողովրդի հավաքական ձայների արդյունքում, այսինքն՝ մեծամասնության արդյունքում։ Երբ որ մեզ ասում են, որ վարչապետը պետք է լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ իքս անձնավորությունը, մենք ասում ենք՝ շատ լավ, գնանք ընտրության, ու ժողովուրդը թող որոշի, թե ով պետք է լինի։ Մեզ անընդհատ ասում են՝ ստեղծված իրավիճակում ինչ լուծումներ ենք տեսնում, լուծում տվեք։ Հիմա այս առաջարկով ևս մեկ անգամ հարցադրում ենք անում, մարտահրավեր ենք նետում, եթե այդքան համոզված են ընդդիմադիրները, որ իրենք կարող են լինել իշխանություն, խնդրեմ՝ թող փորձեն։ Մենք անընդհատ կարող ենք այդ հարցադրումն անել, կարող ենք բաց լինել քննարկման համար։

- Խնդիրն այն է, որ ընդդիմությունը չի պատկերացնում Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններ, հատկապես ձեր վերջին հանրահավաքից հետո, երբ վարչական ռեսուրս կիրառվեց։

- Ես ասում եմ՝ չի կիրառվել։ Իսկ հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ չեն պատկերացնում, ո՞ւմ վարչապետությամբ են պատկերացնում։ Ո՞ւմ է ներկայացնելու այդ ժամանակավոր կառավարությունը՝ ժողովրդի՞ն, թե՞ նեղ շրջանակի։

- Դուք մտածում եք, որ հիմա ժողովրդի՞ն եք ներկայացնում, այսինք, ձեզ ձայն տված 800 հազար հոգին համաձայն է․․․

- Իսկ ո՞ւմ է ներկայացնելու Վազգեն Մանուկյանը, այսինքն՝ նեղ շրջանակի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել