168.am-ը գրում է․

«Հայաստանում պատային իրավիճակ է ստեղծվել»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԵԱՏՄ ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և դրանցում արտաքին խաղացողների դերակատարությանը։

Նա հիշեցրեց, որ իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանում ստեղծվել է փակուղային իրավիճակ։ Դա, նրա խոսքով, բացատրելի է, քանի որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականությունը հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմից հետո կտրուկ նվազել է, ընդդիմությունը փորձում է օգտվել այդ իրավիճակից և հասնել՝ որպես մաքսիմում, վարչապետի հրաժարականի և, որպես մինիմում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։

Նման հեռանկարը, Լեպյոխինի կարծիքով, ձեռնտու չէ Փաշինյանին, և գործելով սխեմայով, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է, նա իր կողմից դառնում է առճակատման կատալիզատորներից մեկը, այլապես նման կտրուկ կերպով նա չէր արձագանքի Սերժ Սարգսյանի, ապա՝ Տիրան Խաչատրյանի հայտարարություններին։

«Համապատասխանաբար, ընդդիմության սպառնալիքներին ի պատասխան՝ Նիկոլն իր կողմնակիցներին հանրահավաքի հրավիրեց և ցույց տվեց իր հակառակորդներին, որ դեռ ունի ոչ փոքր աջակցություն հասարակության շրջանում։ Քաղաքական պատային իրավիճակը մի բան է, երբ երկիրը համարյա թե կիսվում է, և առճակատումը չի խոստանում հաղթանակ ոչ մի կողմին։ Հայաստանում նմանատիպ իրավիճակը կարող է բավականին երկար ձգվել՝ այնքան, մինչև կողմերից մեկը չհամարձակվի ինչ-որ ուժեղ քայլի դիմել։ Ընդդիմությունը դեռ չի կարողանում նմանատիպ քայլ մտածել, իսկ Նիկոլը որոշեց դժգոհությունը պարպել երկրի Սահմանադրության փոփոխության հանրաքվեով։ Բնականաբար, նմանատիպ իրավիճակը նորմալ չէ, քանի որ երկիրը, կրելով պարտություն, նոր-նոր է դուրս եկել պատերազմից և դեռ չի կարողանում հստակեցնել անհետ կորածների ու զոհերի բոլոր անունները, վերադարձնել ռազմագերիներին և բուժել բոլոր վերքերը»,- ասաց վերլուծաբանը։

Հարցին, թե ի՞նչ արտաքին գործոններ կամ խաղացողներ է տեսնում ՀՀ ներքաղաքական օրակարգում, Լեպյոխինը պատասխանեց, որ հիմնական գործոնը տարատեսակ արևմտյան «ուժային կենտրոններն են», որոնք ամեն կերպ ինտրիգներ են հարուցում. մի կողմից՝ աջակցում են Փաշինյանի կառավարությանը, մյուս կողմից՝ ապակողմնորոշում են նրան և փորձում նրա միջոցով շահարկումներ անել նրա շուրջ իրենց մեծաքանակ գործակալների օգնությամբ։

Միևնույն ժամանակ, ըստ Լեպյոխինի, նրանք ամեն կերպ հակազդում են ընդդիմության համախմբմանը։ «Բայց այդ ամենն ակնհայտ չի արվում, որպեսզի չստանձնեն պատասխանատվություն ՀՀ-ում քաղաքական բացասական սցենարի համար, և ունենան հնարավորություն՝ այդ սցենարի իրագործման արդյունքում մեղադրել Ռուսաստանին։ Կարծում եմ, որ այս կապակցությամբ ընդդիմությունը պետք է փոքր-ինչ փոխի իր գործողությունների վեկտորը։ Այսօր հանրային ելույթների ողջ պաթոսն ուղղված է անձամբ Նիկոլի դեմ, իսկ ինձ թվում է, որ դժգոհությունը պետք է ուղղվի առաջին հերթին Փաշինյանի կուսակցության դեմ և նրա նախարարների կաբինետի, ընդդիմությունը պետք է պահանջի ոչ թե Փաշինյանի հրաժարականը (դրան չի գնա ո՛չ նա, ո՛չ, առավել ևս, նրա թիմի սորոսականները), այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ և «Իմ քայլի», կառավարության ամենաօդիոզ ֆիգուրների հրաժարական»,- նման կարծիք հայտնեց Լեպյոխինը։

Ինչ վերաբերում է ռուսական պաշտոնական շրջանակների վերաբերմունքին երևանյան իրադարձություններին՝ ռուս քաղաքագետն ասաց, որ ռուսական պաշտոնական շրջանակներն ավանդաբար հետաքրքրված չեն Հայաստանում իրավիճակի ապակայունացման մեջ։ Ռուսական կողմը, Լեպյոխինի խոսքով, չունի տրամադրվածություն Փաշինյանի դեմ և չունի ցանկություն միջամտել ՀՀ ներքին գործերին։

«Կարելի է դա համարել Ռուսաստանի թերությունը կամ թուլությունը, բայց ես ենթադրում եմ, որ դա ՌԴ ղեկավարության միակ հնարավոր դիրքորոշումն է մի իրավիճակում, երբ ոտքով-գլխով հայտնվել է Արցախում խաղաղ գործընթացի ապահովման աշխատանքի մեջ, և նրա յուրաքանչյուր քայլից, որը կարող է դիտարկվել որպես ձգտում՝ ուժեղացնել քաղաքական ազդեցությունը Հայաստանում, իրավիճակը երկրում կարող է դեպի վատը փոխվել։ Այսօր Ռուսաստանը միայն հետևում է Երևանում իրավիճակի զարգացմանը։ Միակ բան, որը նա անում է ՀՀ-ում՝ շարունակում է իրագործել տարատեսակ տնտեսական պրոյեկտներ ԵԱՏՄ շրջանակում և իրականացնում է տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն»,- ասաց նա։

Անդրադառնալով ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի հետ կապված  Փաշինյանի հայտարարություններին և արդարացումներին՝ Լեպյոխինն ասաց, որ Փաշինյանի բացատրություններն իրականությանը մոտ են թվում, և նրան կարող էին սխալ տեղեկատվություն տրամադրել։ «Կամա թե ակամա այլ հարց է. բայց ակնհայտ է, որ նա էապես վստահում է իր շրջապատին, որը  նրան մանիպուլյացնում է: Կարծում եմ, որ ներկա իրավիճակում, երբ ընդդիմությունը հետևում է յուրաքանչյուր խոսքին, Նիկոլը պետք է ավելի ուշադիր և զգույշ լինի իր հայտարարություններում: Ընդհանրապես՝ ընդդիմության հետ քննարկումներից պետք է անցնել երկխոսության»,- ասաց Վլադիմիր Լեպյոխինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել