168.am-ը գրում է․

Վարդգեսը երբեք չի կարող դառնալ հիշողություն. գյումրեցի ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանի նպատակները մեծ էին, իսկ ինքը՝ մարդ-տոն, մարդ-ուրախություն։ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի մայրը՝ տիկին Վարդուհին վստահեցնում է՝ միայն պատմածով ու լսածով անհնար է հասկանալ, թե ինչ մարդ էր Վարդգեսը, նրան պետք էր անձամբ ճանաչել։

Յուրահատուկ էներգիայով լույս աշխարհ եկած տղան դեռ մանկուց էր աչքի ընկնում աշխուժությամբ։ Մայրն ասում է՝ իր այդ էներգիայից բաժին էր հասցնում բոլորին, նրա կողքին միշտ ուրախ էր ու ներդաշնակ։

«Իմ ասածները ամբողջ խորությամբ էր ընկալում ու հասկանում, խորաթափանց երեխա էր։ Շատ էր սիրում կարդալ, միգուցե դպրոցական ծրագիրը չուսումնասիրեր, հետաքրքիր չլինեին առարկաները, բայց տանը ամբողջ օրը հանրագիտարան էր կարդում։ Նայում էր հայկական ֆիլմեր ու մեզ հարցնում՝ արդյոք տեսել ենք այդ ֆիլմը, երբ բացասական պատասխան էր ստանում, ասում էր՝ բա, դուք ինչ հայ եք, ու մեզ դիտել էր տալիս։ Վարդգեսի նման երկրորդին չեք գտնի, ամեն ինչի կենտրոնում էր։ Նրա համար վատ մարդ գոյություն չուներ։ Այդպիսի յուրահատուկ էությամբ էլ մեծացավ, հասարակության մեջ իրեն դրսևորեց։ Չկար մարդ, որ նրան չսիրեր»,-պատմում է տիկին Վարդուհին։

Դպրոցական տարիներին Վարդգեսն ըմբշամարտով էր զբաղվում, մրցանակներ էլ ուներ, բայց հետագայում որոշում էր կայացրել դառնալ զինվորական։ Ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

«Ամուսինս մեծ ցանկություն ուներ, որ տեղափոխվեինք։ Ես շատ պայքարեցի, որ չգնայինք, ասում էի՝ եթե Հայաստանում մնա վերջին հայը, ապա դա ես եմ լինելու, դուրս չեմ գալու։ Հետո եկավ մի տարիք, կարծեմ, 15-16 տարեկան էր Վարդգեսը, մտածեցի՝ ամեն դեպքում ուղարկեմ արտերկիր, 2 ամիս մնաց, հետ եկավ ու ասաց՝ ուրախ է, որ չենք տեղափոխվել ժամանակին։ Նա հրաժարվեց, չէր ուզում դրսում ապրել։ Իսկ ռազմական համալսարանում սովորելու միտքը իմն էր, մտածում էի կգնա Երևան՝ 4 տարի կսովորի, հետո էլ կտեսնենք՝ ինչ կլինի»,-հիշում է հերոսի մայրը։

Վարդգեսը սիրում էր ուսանողական կյանքը։ Այդ տարիներին այնքան էր կապվել մասնագիտությանը, որ ավարտելուց հետո անգամ չէր էլ սպասել զորամասի ընտրության վիճակահանությանը։ Ուզում էր շարունակել պայմանագրային ծառայությունը Ջաբրայիլում։

«Խնդրեցի, որ մտածի, բայց ասաց՝ չէ, եթե զինվորական եմ, ուրեմն պետք է լինեմ այնտեղ։ Ամենաառջևում հենց նրանք էին։ Ասում էր՝ Ջաբրայիլը այնպիսի վայր եմ դարձնելու, որ բոլորը գան հանգստանալու այստեղ։ Օգոստոսին էր արձակուրդի եկել՝ քրոջ նշանադրությանը մասնակցելու։ Սեպտեմբերին վերադարձավ Ջաբրայիլ, հետն էլ սրճարան-ավտոբուսներից տարավ։ Ասում էր՝ զինվորներս հյութ ուզենան խմել ու չկարողանա՞ն, գոնե մի նման տեղ չլինի՞ այստեղ։ Վարդգեսն իսկապես պատկերացնում էր, որ ամեն ինչ շատ լավ պետք է լինի»,-պատմում է մայրն ու կողքի սենյակից բերում բարձը, որի վրա որդու մարտական դիրքի համարն է:

Վարդգեսը 4 տարի էր ծառայել Ջաբրայիլում, պայմանագրի ավարտին մնացել էր ընդամենը 3 ամիս։ Սպասում էր՝ մինչ Նոր տարի նոր կոչումով վերադառնա տուն։

«Ասում էր՝ մինչև Նոր տարի, մամ ջան, կապիտան կստանամ ու կգամ տուն։ Մեծ հաջողությունների էր ձգտում, պաշտում էր գործն ու զինվորներին։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ պատերազմ գնալուց առաջ կազմակերպել էր, որ զինվորները լոլիկով ձվածեղ ուտեն, հետո նոր գնան։ Երբ արդեն հրաման են ստանում, իր կապավոր զինվորին հարցնում է՝ ինչ ես ուզում, զինվորն ասում է՝ միգուցե չկարողանաս կազմակերպել, երբ իմանում է՝ զինվորը ձվածեղ է ուզում, արագ կազմակերպում է, բայց զինվորը հրաժարվում է միայնակ ուտել, ասում է՝ բա, մնացածը, ճիշտ չի լինի, որ մենակ ուտեմ։ Ու Վարդգեսը կազմակերպում է մյուս բոլոր զինվորների համար, ուտում են ու գնում կռվի»,-ասում է նա։

Կյանք, թե հայրենիք․ Վարդգեսի համար դժվար էր տարանջատել այս երկու հասկացությունները։ Չէ՞ որ արդեն երկար տարիներ հերոսի կյանքի անբաժանելի մասն էր հայրենիքի պաշտպանությունը։ Հայրենասիրությունը Վարդգեսի խոսքում, լսած երգերում չէր․ այն շատ խորն էր, երևում էր հայրենի քաղաքի, հարազատների, իր մեծ շրջապատի ու ընկերների հանդեպ վերաբերմունքից։ Ի վերջո, երևաց պատերազմի ժամանակ կատարած հերոսական քայլերից, որոնցով նրան միշտ կհիշեն որպես ազգի նվիրյալ։

«Վերջին անգամ Վարդգեսի հետ խոսեցինք սեպտեմբերի 26-ին՝ դիրքեր բարձրանալուց առաջ։ Պատերազմի սկսվելու օրը նրանից լուր չունեինք, չէի ուզում զանգել, մտածում էինք՝ երբ հարմար լինի, նա կզանգի։ Արդեն ամսի 28-ին դեպքը պատահել էր։ Այդ մեկ օրվա ընթացքում ամեն ինչ արել է Վարդգեսը, օգնել է շրջափակումից դուրս գալ, այլ դիրքի զինվորներից մեկին հեռախոսով բացատրել է իր դիրք տանող ճանապարհը ու նրան հասցրել իր մոտ, տեղանքին հիանալի էր տիրապետում։ Զինվորներից մեկը նահանջի ժամանակ կորցրել էր զրահաբաճկոնը, ու հրամանատար որդիս իր զրահաբաճկոնն էր տվել այդ զինվորին։ Վարդգեսը զոհվել է ընդամենը մի բեկորից, վնասվածքը սրտի շրջանում էր»,- պատմում է մայրը։

Վարդգեսի մասին մայրը անցյալով չի կարող ու չի ուզում խոսել։ Շուրջբոլորը հերոսի նկարներն են ու իրերը, նրա շունչը տանը զգում են, նա միշտ ներկա է. «Վարդգեսը երբեք չի կարող հիշողություն դառնալ, նա իմ օդն է, իմ կյանքն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել