Armenpress.am-ը գրում է․

Քաղաքականությամբ զբաղվող Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է հեռացվի իր պաշտոնից, քաղաքական գործիչների կոնսուլտացիաների և քաղաքական գործընթացների միջոցով պետք է լուծվեն ներքաղաքական խնդիրները` գալով կոմպրոմիսի և կոնսենսուսի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։

«Մասնավորապես, շանս է տրվել քաղաքական բանակցային սեղանի շուրջ նստելու այնպիսի քաղաքական գործիչների, ի դեմս Վազգեն Մանուկյանի, որոնք աչքի են ընկնում ժամանակ առ ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, բռնություններով ուղղորդված գործողություններ կատարելու կոչեր անելով, անգամ այդ մարդուն որոշակի մեսիջ է հղված, որ գա նստի բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Փամբուխչյանը։

«Քաղաքացական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղաշրջման փորձ, որին միացել է նաև Գլխավոր շտաբը, ինչի իրավունքը սահմանադրորեն չունի։ 

«Գլխավոր շտաբի ապօրինի քաղաքական միջամտությանը և քաղաքական հայտարարություններին, ցավոք, սատար է կանգնել նաև ՀՀ նախագահը։ Փոխանակ Օնիկ Գասպարյանը զբաղված լիներ բանակի վերակազմավորման և օրենքով սահմանված մյուս գործառույթներով, նա մտել է քաղաքական դաշտ, որը անթույլատրելի է և հակասահմանադրական։ Նա պետք է այդ ամենի համար պատասխանատվություն կրի, նաև` հետագա գործողությունների համար, այդ թվում՝ հանրապետության նախագահը»,- ասաց Փամբուխչյանը։

Ըստ Փամբուխչյանի՝ եթե վարչապետի կողմից ինչ-որ մեկի պաշտոնի նշանակումը համարվեր հակասահմանադրական, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, որովհետև հնարավոր է այդ մարդը խնդիրներ ունենար իրավական չափորոշիչների հետ կապված, բայց երբ ազատումն է համարվում հակասահմանադրական, ուղղակի ծիծաղելի է։

«Հանրապետության նախագահի մեջբերած խոսքերը և պատրվակը ուղղակի վստահություն չեն ներշնչում»,- հավելեց նա։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել էր ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Վարչապետի աշխատակազմն անհիմն էր համարել և չէր ընդունել նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կրկին հանրապետության նախագահին է ուղարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել