Այս մի քանի օրերը ամենավճռականն են մեր շարժման մեջ, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց, բանակը հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին, ժողովուրդը ծափահարում էր, «գեներալ» անունը հայհոյանք էր դարձել, թե ինչին բերեց դա, մենք տեսանք պատերազմի ժամանակ: Այս մասին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

Ըստ նրա՝ ԳՇ տեղակալին պաշտոնանկ անելով և լարված իրավիճակ ստեղծելով՝ Նիկոլ Փաշինյանը նորից փորձ է անում ջարդել բանակը և եթե նրան չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ապա ինքը կհամարվի պարտված բոլոր ուժային կառույցների առաջ,  իրեն արդեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց.

«Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի և կարողանա Սահմանադրական դատարանով, նախագահի միջոցով կամ մեկ այլ ձևով հանել Օնիկ Գասպարյանին, ի՞նչ կլինի դրանից հետո. տրամաբանությունն այն է, որ բանակը պետք է ոտքի կանգնի և այդ ժամանակ ամենավճռական օրերը կսկսվեն Հայաստանի համար:

Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, եթե չկանգնի, մենք պետք է ոտքի կանգնեցնենք: Մենք շատ գործ ունենք անելու՝ պատգամավորների հետ աշխատելու, շրջաններ գնալու, բայց այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը, երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլի պարտությունը: Դրա համար ամուր պետք է կանգնել, լինել համբերատար և պատրաստ վճռական գործողությունների, վճռական օրերը առջևում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել