168.am-ը գրում է․

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանն այս տարվա ընթացքում անորոշ ժամկետով կպահպանի իր պաշտոնը. համապատասխան առաջարկությունը նա ստացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմից։

«Այս շաբաթ ավելի վաղ նախագահ Բայդենն ինձ խնդրել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան մնալ այս տարվա ընթացքում անորոշ ժամկետով»,-«Ինտերֆաքս»-ին ասել է Սալիվանը: Նա ընդգծել է. «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, ռուս ժողովրդի հետ մեր բարեկամությունը մեծ նշանակություն ունեն, եւ ինձ համար մեծ պատիվ է իմ երկրին ծառայել այստեղ»: «Ես անհամբերությամբ եմ սպասում այն պահին, թե երբ կկարողանամ ճամփորդել Ռուսաստանում՝ էլ ավելի մեծ թվով մարդկանց հետ ծանոթանալու եւ այս մեծ երկրի մասին էլ ավելի շատ բան իմանալու համար»,-հավելել է դեսպանը: Ջոն Սալիվանը որպես Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան երդում է տվել 2019 թվականի դեկտեմբերին, 2020 թվականի հունվարին նա ժամանել է ՌԴ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել