168.am-ը գրում է․

«Սպասելի էր այն, ինչ արեցին զինվորականները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով այսօրվա ՀՀ ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ ԳՇ տարածած հայտարարությանն ու Նիկոլ Փաշինյանի արձագանքին:

Արեշևն ասաց, որ իր համար քիչ զարմանալի էր, որ, ի վերջո, զինվորականներն իրենց տեսակետն արտահայտեցին, և դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ գործող կառավարության ղեկավարը փորձեց իր պատասխանատվությունը դնել արդեն զինվորականների՝ ԳՇ ղեկավարության վրա:

Նրա դիտարկումների համաձայն, ներքաղաքական կյանքում ընդհատակյա լարվածություն կար վերջին ամիսներին ու շաբաթներին, և այն չէր կարող չարտահայտվել, քանի որ Նիկոլ Փաշինյանի ձգտումը՝ չստանձնել պատասխանատվությունը և ցանկացած եղանակով կառչել իշխանությունից, սկսում է նյարդայնացնել հասարակության ավելի լայն շերտերի:

Խոսելով «Իսկանդեր»-ի սկանդալի մասին՝ Արեշևն ասաց, որ մասնագետներն արդեն լավագույնս անդրադարձել են Փաշինյանի դիտարկումներին:

Իսկ Արեշևի խոսքով, ամենալավ դեպքում դա «ոչ այնքան ադեկվատ մարդու կողմից արտաբերված հիմարություն է»: Հնարավոր է նաև երկրորդ տարբերակը, նրա խոսքով, որ նման հայտարարությամբ Փաշինյանը միտումնավոր կերպով փորձում է ռուսական սպառազինությունն անարդյունավետ ներկայացնել՝ դրանով իսկ սեպ խրելով հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերություններում, ինչը նա արել է իր իշխանության ողջ ընթացքում: Բանախոսն ասաց, որ Մոսկվայում տևական ժամանակ փորձում էին հարթել սուր անկյունները, բայց հաջողվեց այնքան, որքան հաջողվեց:

«Եթե նա մնա իշխանության, դեռ ինչեր կլսենք»,- ասաց Արեշևը:

Ռուս քաղաքագետի խոսքով՝ գուցե Փաշինյանը մնա իշխանության շաբաթներ, օրեր կամ ամիսներ, հասկանալի չէ, թե ինչ հրապարակային ու ոչ հրապարակային բանակցություններ կծավալվեն ուժերի միջև:

«Ինձ համար ակնհայտ է մեկ բան, որ յուրաքանչյուրը օրը նրա իշխանության ղեկին՝ Հայաստանին ավելի թույլ է դարձնում և որպես պետություն ավելի անկազմակերպ է դարձնում: Ուստի փակուղուց ելքերը հեշտ չեն, բայց դրանք դիտարկվում են, օրինակ, որոշ ժամանակ զինվորականների իշխանություն, և որոշ ժամանակ անց՝ արտահերթ ընտրություններ, և հենց դրա շուրջ էլ ընթանալու են բանակցությունները, քանի որ այլընտրանքը հետագա քայքայումն է և նաև՝ հատուկ ծառայությունների շրջանում, ինչը տհաճ է: Ոստիկաններն էլ են միանում կարծես, նրանք ևս կարող են իրավիճակ փոխել»,- նշեց Արեշևը:

Նա արձանագրեց, որ ՌԴ նախագահի խոսնակն արձագանքեց, որ սա ներքին հարց է, և նրա կարծիքով՝ ՌԴ դիրքորոշումն այլ կերպ չէր կարող լինել:

Նրա խոսքով, ՌԴ-ն արձագանքում է այնպես, ինչպես 2018 թվականին: Արեշևի որակմամբ՝ հայ ժողովրդի գործն է՝ լուծել այն խնդիրները, որոնք ծառացել են Հայաստանի առջև, դրանք հայ ժողովրդի փոխարեն՝ ոչ մեկը լուծելու:

Նրա կարծիքով՝ ի սկզբանե էր հարկավոր այլ կերպ վերաբերվել այս փխրուն պետականությանը և փողոցային ակցիաները չզարգացնել ու ոչ ադեկվատ մարդուն իշխանություն չդարձնել: Արեշևի տպավորությամբ, ի սկզբանե ակնհայտ էր, որ նա ադեկվատ չէ, 2018 թվականին նա արդեն իրեն բավականին վառ կերպով դրսևորել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել