Tert.am-ը գրում է.

Ես ճանաչում եմ մեր բոլոր գեներալներին, նրանք պատահական մարդիկ չեն, դա ԶՈւ ղեկավար կազմն է՝ Գլխավոր շտաբի պետ, տեղակալներ, վարչությունների պետեր, կորպուսների հրամանատարներ, վստահ եմ՝ այս կոչին կմիանան նաև ավելի ցածր օղակի բոլոր սպաները, քանի որ սա ոչ թե մեկ օրվա, այլ վերջին երկուսուկես տարում այս իշխանության վարած քաղաքականության արդյունքն է, համբերության բաժակը լցվել է, դանակը հասել է ոսկորին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Այս իշխանության համար նորություն չէ, որ երբ իրենց թիմակիցն ես,  լավագույնն ես, երբ պաշտոնից հեռանում ես, բոլոր մեղքերը փորձում են բարդել քեզ վրա։ Առաջին օրվանից սկսած՝ իրենց բոլոր բացթողումները, պատերազմը տանուլ տալը վերագրում են նախկիններին։ Նախկինները մինչև հիմա իշխանությա՞ն են, իսկ իրենք՝ ընդդիմությո՞ւն։ Այդպես էլ չհասկացան, որ երկրի ղեկավարն իրենք են և պատասխանատվություն են կրում, անթույլատրելի է ամեն ինչ բարդել նախկինների վրա։ Բանակում դա պատասխանատվությունից խուսափելու ձև է»,- ասել է Արցախի հերոսը:

Ըստ Հակոբյանի՝ երբ գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել են իրավիճակը, նա պետք է ճիշտ եզրահանգումներ կատարեր, ընդհուպ հրաժարական տար, եթե կարծում էր, որ իրավիճակի հանգուցալուծումն իր ուժերից վեր է. «Նա սկսեց պոպուլիստական հայտարարություններ անել, հուսադրել, թե ամեն ինչի պատրաստ ենք, բայց վիժեցրեց դիվանագիտական ճանապարհով հարցի լուծումը, պարտադրեց պատերազմ, շատ վատ կառավարման արդյունքում երկիրը բերեց կապիտուլյացիայի։ Ես բացառում եմ, որ որևէ զինվորական, որը սահմանին գոնե մի օր կանգնել է, երազի պարտության մասին, ինչպես վարչապետն է ասում։ Ցանկացած զինվորականի համար բանակն իր զավակն է, դու չես կարող զավակիդ մահը ցանկանալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել