Tert.am-ը գրում է․

Ռուսական EurAsia Daily լրատվականը հոդված է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակակից գործառնական-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին իր չմտածված հայտարարությամբ հրահրել է հերթական սկանդալը հայ-ռուսական հարաբերություններում: Այժմ բոլորը ցանկանում են հասկանալ, թե ինչպես ժամանակակից հրթիռները կարող էին չպայթել կամ, առավել ևս, «պայթել միայն 10%-ով»:

Ռուսական լրատվամիջոցները լի են ՀՀ վարչապետի հայտարարության վերաբերյալ փորձագետների քննադատական գնահատականներով, հրապարակումներով, իսկ Ռուսաստանի Դաշնության Պետդումայում նույնիսկ հնչել են կոչեր, որ Փաշինյանը ներողություն խնդրի «Իսկանդեր»-ի վերաբերյալ իր խոսքերի համար: Եվ նման կոշտ արձագանքը հասկանալի է. «Իսկանդեր»-ները համարվում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հպարտությունը, իսկ Հայաստանը միակ երկիրն է, որին Մոսկվան համաձայնվել է վաճառել այդ ժամանակակից համալիրները:

Ինչ վերաբերում է հայկական լրատվամիջոցներին և փորձագետներին, ապա նրանք փորձում են հասկանալ՝ արդյո՞ք Փաշինյանը գիտակցել է իր խոսքերի հնարավոր բացասական ազդեցությունը հիմնական ռազմաքաղաքական դաշնակցի հետ հարաբերությունների վրա, թե այդ խոսքերն ասել է անմտորեն, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի`Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ը ճիշտ ժամանակին չօգտագործելու մեղադրանքները ինչ-որ կերպ մեղմելու համար: Իրականում այդ հրթիռները համարվում էին հայկական բանակի գլխավոր հաղթաթուղթը, որի առկայությունը հնարավորություն էր տալիս հույս դնել պատերազմում հաջողության հասնելու վրա: Ի վերջո, Փաշինյանի կողմից գնված անզեն Սու-30 ՍՄ կործանիչները չեն կարող հաղթաթուղթ համարվել պատերազմում, դրանց հիմնական «մարտական» խնդիրը, Հայաստանի համար հսկայական գումարներով ձեռք բերվելուց հետո, Փաշինյանի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերն էին:

Հարկ է նկատել նաև, որ իր հարցազրույցում Փաշինյանը չի պատասխանել այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի օգտագործել «Իսկանդեր»-ն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների, մասնավորապես նավթագազային համալիրի դեմ, ինչը ապահովում է հակառակորդի պետական բյուջեի եկամուտների առյուծի բաժինը, կամ թիկունքում կարևոր ռազմական օբյեկտների, օրինակ՝ թուրքական F-16-ներով լի Գյանջայի (Գանձակ) օդանավակայանի վրա:

Իհարկե, Փաշինյանի այս խոսքերը կարելի է համարել հերթական անպատասխանատու և չհիմնավորված հայտարարությունը, որը նա պարբերաբար անում է վերջին տարիներին: Այնուամենայնիվ, համեմատելով նրա հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության և պատերազմից առաջ ու հատկապես դրանից հետո դրանում Մոսկվայի դերակատարության վերաբերյալ, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի Դաշնության դեմ նրա հարձակումները ոչ թե կարճատես քաղաքական գործչի սովորական սխալներ են, այլ մաս են կազմում նպատակաուղղված քաղաքականության` միտք ունենալով վարկաբեկելու Ռուսաստանը հայ հասարակության աչքում: Հատկապես, եթե հիշենք, թե որքան զարմանալիորեն զգույշ ու զուսպ է Փաշինյանը, երբ խոսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին: Սովորաբար իր հրապարակային ելույթներում անզուսպ Փաշինյանը սառնասրտորեն վերահսկում է իրեն` նույնիսկ Ալիևի կողմից իր հասցեին անձնական վիրավորանքներից հետո: Բայց նա սկսել է վիրավորել Փաշինյանին անցյալ տարի պատերազմի սկսվելուց շատ առաջ (ավելի ճիշտ ՝ Ալիևի հռետորաբանությունը չափազանց կոպիտ ու վիրավորական է դարձել Փաշինյանի անձի նկատմամբ  վերջինիս՝ Ստեփանակերտում 2019-ի օգոստոսին «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» բառերից հետո):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել