Pastinfo.am-ը գրում է․

Հարգելի պարոն Աբազյան, հարգելի գործընկերներ, սիրելի սպաներ, հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ քաղաքական ղեկավարության անօրինական հրամանները կատարելուց, խնդրում ենք՝ լինել մեր ժողովրդի կողքին, միանալ ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի պահանջին։ ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները հայտարարություն են տարածել.

«ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին,
ԱԱԾ բարձրաստիճան սպաներին,
բոլոր աշխատակիցներին

Ս.թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո հայրենի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը վկայում են այն մասին, որ այս իշխանությունը ոչ միայն ի զորու չէ լուծելու մեր պետականության առջեւ ծառացած խնդիրները, վերականգնելու եւ ամրապնդելու անվտանգային համակարգը, այլեւ ճիշտ հակառակը՝ իշխանության բոլոր քայլերը պատերազմական գործողությունների հետեւանքով խորը ճգնաժամի մեջ հայտնված երկիրը տանում են կործանման։

Դեռ ամիսներ առաջ մենք՝ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցներս, հանդես եկանք կոչով՝ նախազգուշացնելով, որ ուժային մեթոդներով ընդդիմախոսներին լռեցնելու գործելաոճը միայն ավելի է սրելու ներքաղաքական վիճակը եւ խորացնելու հասարակության պառակտումը։

Ցավոք, մեր զգուշացումներն անտեսվեցին, եւ այսօր կանգնած ենք քաղաքացիական պատերազմի շեմին։

Հարգելի պարոն Աբազյան, հարգելի գործընկերներ, սիրելի սպաներ, հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ քաղաքական ղեկավարության անօրինական հրամանները կատարելուց, խնդրում ենք՝ լինել մեր ժողովրդի կողքին, միանալ ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի պահանջին։

Այսօր, երբ խաթարված է մեր ազգային անվտանգությունը, գործելու ժա’մն է, եւ եթե այս վճռորոշ պահին դուք պաշտպանեք մեր պետության օրինական շահը, վստա’հ եղեք՝ որևէ մեկն ապագայում չի մոռանա ձեր ազգանվեր դիրքորոշումը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել