News.am-ը գրում է.

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 25-ի նիստում որոշում կայացրեց պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը հատկացնել 2 մլրդ 161,6 մլն դրամ՝ պարեկային ոստիկանության ստեղծման նպատակով:

Հարցը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումը կապված է պարեկային ոստիկանություն ունենալու նպատակադրման հետ: Նա ասաց, որ թեև նախկինում պլանավորել էին մարտից ունենալ, սակայն համավարակի և պատերազմի պատճառով հետաձգվեց և հիմա նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել ամռանը:

«Մեր ապագա պարեկային ոստիկանության աշխատակիցները հիմա անցնում են ուսումնառության փուլ Ոստիկանության ակադեմիայում, և շատ կարևոր է, որ այստեղ ընդգրկված են ոչ միայն ոստիկաններ, այլ նաև քաղաքացիական անձինք, ովքեր առաջին անգամ են կրելու ոստիկանի համազգեստը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մեկնարկը լինելու է Երևանից, ապա կիրականացվի Շիրակի և Լոռու մարզերում, այնուհետև մնացած բոլոր մարզերում:

«Սրանով նոր շունչ և ազդակ կհաղորդվի ընդհանրապես Ոստիկանության բարեփոխումներին, ըստ էության, լինելու են նոր մեքենաներ, նոր դիզայն: Պետք է ասել նաև, որ պարեկային ոստիկանությունում նաև ավելի բարձր աշխատավարձ սահմանելու որոշում ենք կայացրել և հույս ունենք, որ այս գործընթացում ոչ միայն գործող ոստիկանները, այլ նաև քաղաքացիական անձինք որոշում կկայացնեն և այս ծառայության մեջ ներգրավելու քայլ կկատարեն»,-ընդգծեց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել