Քանի որ նկատում եմ, որ տեղի ունեցող իրադարձությունների մեջ խճճվում են նույնիսկ քաղաքականապես ամենախորացած իմ ընկերները, ուզում եմ մի փոքր ներկայացնեմ պայմանական մարտի դաշտի կառուցվածքը` դեռևս խուսափելով մանրուքներից:
Տեսե´ք, կա պայմանական մարտադաշտ ու էդ դաշտում կան չորս վառ արտահայտված ճամբարներ:
Մի ճամբարում ներկայիս իշխանության այն մասն է, որը պայմանականորեն կարելի է անվանել արևմտյան: Դրանք տարատեսակ գրանտակերներն են ու գործակալները, ինքը` Փաշինյանը, և մերձարևմտյան խմբակները, բայց հիմնական փարոսն այստեղ, անշուշտ, Արմեն Սարգսյան ու յուր աղանդավորներն են: Այս ճամբարը չի կարելի անվանել «իշխանական», քանի որ իշխանության տաբեր օղակներում տրամադրությունները միշտ շատ տարբեր են եղել, իսկ հիմա պառակտվածությունն առավել է, քան երբևէ: Այս ճամբարի առանձին խաղացողներ իրար հետ պարբերաբար համագործակցում են, մեկ-մեկ իրար դեմ են դուրս գալիս, բայց համերաշխ են ընդհանուր թշնամու դեմ, իսկ թշնամին նրանք են, ովքեր այս ճամբարում չեն:
Երկրորդ ճամբարում ռուսամետներն են: Դա ոչ միայն 17 կուսակցություններն են ու ՀՀԿ-ի ռուսամետ թևը, այլ նաև ռուսաստանածին կապիտալով ընկերությունների սեփականատերերը և դրանց շուրջ պտտվող «քաղաքացիական հասարակությունը»: Էս ճամբարում ես փարոս եմ համարում Ռոբերտ Քոչարյանին: Ինչպես և արևմտամետները, այս ճամբարը նույնպես ունի որոշ իշխանական լծակներ, ընդ որում կապիտուլյացիայից հետո այդ լծակները էականորեն աճել են ու հիմա տարածվում են գրեթե բոլոր ուժային կառույցների ու դատարանների վրա:
Երրորդ` ամենափոքր ճամբարում հայաստանածին ուժերն են, ի դեմս ՀՀԿ-ի սերժսարգսյանական թևի և Միքայել Մինասյանի ու յուր թիմի: Այս ճամբարը, փոքրաթիվ լինելով հանդերձ, բավականին հզոր է, նախ բուն Սերժ Սարգսյանի հեղինակության և հետևաբար իշխանական ինստիտուտների վրա ունեցած ազդեցության շնորհիվ, իսկ երկրորդ հերթին Միքայել Մինասյանի թիմի կրեատիվության շնորհիվ: Երեք տարում ոչ մեկ չկարողացավ սոցիալական հարթակներում արևմուտքի հետ մրցել այնպես, ինչպես դա արեց Միքայել Մինասյանը:
Կա նաև չորրորդ ճամբարը` դա ՀՀ բնակչությունն է: Այն անշուշտ ամենամեծն է ու ամենահզորը, բայց իր մեծության պատճառով շատ անկազմակերպ ու ինչը ավելի կարևոր է՝ խճճված: Այս ճամբարում գտնվող միլիոնավոր մարդիկ մոլորված են: Նրանք ինտուիտիվ զգում են, որ ինչոր ստորգետնյա ջրեր կան, որ կուլիսային պայքար է գնում ու, չիմանալով դրա բուն էությունը, նախընտրում են չխառնվել պրոցեսներին, ինչը, իմիջիայլոց, երևի բավականին խոհեմ խմբակային որոշում է: Այս խմբի խճճվածությունը նաև նրա հետևանքն է, որ վերոհիշյալ երեք ճամբարներն անընդհատ վերադասավորվում են, մեկ երկուսով խմբավորվում են երրորդի դեմ, մեկ բոլորը բոլորի դեմ են դուրս գալիս: Մոսկվան Նիկոլին հայտարարում է չդավաճան ու անցանկալի է համարում ցանկացած ոչ սահմանադրական պրոցես Հայաստանում: Փաշինյանը պահից օգտվեց ու ձևացավ հնազանդ մինչև չվերականգնվեց ու հարվածեց Մոսկվային մեջքից Իսկանդեր տեսակի զենքով: Ո´չ Քոչարյանը, ո´չ Սարգսյանը խնդիր չունեցան Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու, հարցեր քննարկելու հետ: Փաշինյանը սկզբից հրահանգեց ձերբակալել Քոչարյանին, հետո բաց թողեց, հիմա նորից է Մարտի 1-ը սկսում շահարկել: Քոչարյանի թիմի անդամները երկու տարի շարունակ մեղադրում էին Սերժ Սարգսյանին իշխանությունը հանձնելու մեջ: Դա այնքան անտակտ էր դարձել, որ Սարգսյանը ստիպված բացահայտեց իշխանափոխության իրական ընթացքի մի փոքր էպիզոդ: Նույն անտագոնիզմը կա Միքայել Մինասյանի հանդեպ: Ու թեև առաջնորդների մակարդակով կոռեկտությունը պահպանվում է, ակնհայտ է, որ ճամբարներում հաճախ սեփական ստորին օղակներում կարգապահական խնդիրներ են ծագում:
Դրանից զատ կա նաև ռազմավարական խնդիր՝ հայաստանակենտրոնը չի կարող ընդունել ներկայիս ստատուս քվոն, մինչդեռ` թե արևմուտքը և թե Ռուսաստանը հրաժարվում են կարգավիճակի հարց բարձրացնել: Ընդ որում, Ռուսատանում դա արգելում են նույնիսկ քննարկել, որպեսզի թուրքերին չբարկացնեն, արևմուտքն էլ, պահից օգտվելով, խաղում է` հայերի համար հուզիչ այդ լարերի վրա: Ակնհայտ է նաև, որ երկարաժամկետ պարագայում միակ հաղթող է դուրս գալու արևմտյան ճամբարը:
Այս ամենը իրականում շատ օրինաչափ է, եթե ունես տեղեկատվության բավարար պաշար, ուրիշ հարց, որ էդ տեղեկատվությունը դեռ ոչ բոլորին է հասու, բայց կարծում եմ շուտով կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել