Panorama.am-ը գրում է.

«Զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպում են ստանում համապատասխան ընթացակարգով, որն իրենից գաղտնիություն է ենթադրում և ես այդ հարցին հանրային մակարդակով չեմ կարող անդրադառնալ»,- ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս ներկայացրած 600 դոլարով զրահաբաճկոն ներկրելու փաստի վերաբերյալ լրագրողի հնչեցրած հարցին:

ՊԵԿ նախագահը հավելեց, որ ներմուծման գործընթացում կոռուպցիոն գործընթացներ չեն տեսել և քննություն սկսելու հիմքեր չեն արձանագրել:

Նա հայտնեց, որ չի կարող ասել, թե 600 դոլարով զրահաբաճկոններ ներկրվել են, թե ոչ:

«Առհասարակ ռազմական նշանակության ապրանքների ներկրման ծավալների, քանակների, տեսակների, գների վերաբերյալ հանրային տեղեկատվություն չի կարող ներկայացվել»,- կրկնեց Էդվարդ Հովհաննսիյանը:

Անդրադառնալով  Ֆրանսիայից բերված հումանիտար բեռը մինչ օրս չմաքսազերծելու խնդրին՝ ՊԵԿ ղեկավարը հավաստիացրեց, որ խնդիրները մաքսային ձևակերպումների հետ կապված չեն և առհասարակ պատերազմի առաջին օրվանից ուղարկված հումանիտար բեռների մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ չեն եղել:

«Ֆրանսիայից հումանիտար բեռը ներմուծվել է հասարակական կազմակերպության անունից և ըստ ՀՀ օերենքների և մաքսային ընթացակարգերը կարգավորող ԵԱՏՄ օրենսդրության՝ ապրանքի մաքսազերծման համար ներկրողն է պարտավոր ներկայացնել որոշակի փաստաթղթեր, առաջին հերթին հայտարարագիր՝ կից փաստաթղթերով, իսկ տվյալ դեպքում դրանք չեն ներկայացվել»,- պարզաբանեց Էդվարդ Հովհաննիսյանը

ՊԵԿ նախագահն իր տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի խաղատուն գնալու փաստի վերաբերյալ էլ հայտարարեց, որ խաղատուն գնալն հակաիրավական արարք չէ և որևէ բան չունի ավելացնելու  Մաշադյանի պարզաբանմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել