168.am-ը գրում է.

168.am-ի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունում իր աշխատանքային կենսագրությունը օրերս կավարտի ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, ով լայն հանրությանը հայտնի է որպես Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար։

Մեր տեղեկություններով` աշխատանքից ազատվելու պատճառը Հրաչյա Մուշեղյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև եղած խորը հակասություններն են հենց Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող խնդրով։

Հիշեցնենք, որ Հրաչյա Մուշեղյանը իր ներկայիս պաշտոնը սկսել է զբաղեցնել հենց այս վարույթի շրջանակներում։

Ենթադրաբար իշխանությունները փորձած կլինեն համոզել Ռոբերտ Քոչարյանի գործով անջատված մասի քննչական խմբի ղեկավարին ներքաղաքական այս բարդ փուլում չլքել ՀՔԾ-ն։ Թե որքանով դա կհաջողվի ՀՔԾ ղեկավարությանը, կտեսնենք առաջիկայում։

Հիշեցնենք միայն, որ Ռոբերտ Քոչարյանի գործով բացի այս պահին դատարանում գտնվող մասից, կա նաև անջատված մաս, որը շուրջ 800 հատոր ծավալով գործի նյութեր է պարունակում, ինչը ոչ մի կերպ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը չի կարողանում ստանալ։ Անգամ դատական կարգով նրանք չկարողացան ծանոթանալ այդ փաստորեն պաշտպանական թիմի համար հույժ գաղտնի նյութերին։

Տեղեկությունը ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց Հրաչյա Մուշեղյանի հետ։ Չնայած ուշ ժամին` Հրաչյա Մուշեղյանը պատրաստակամորեն լսեց մեզ, սակայն ամեն դեպքում խորհուրդ տվեց դիմել ՀՔԾ լրատվական բաժին։

«Բարև Ձեզ։

Կներեք, բայց անձնական բնույթի հարցերը չեմ ցանկանում քննարկել, իսկ ինչ վերաբերում է ծառայողական բնույթի հարցերին, առաջարկում եմ դիմել ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել