Panorama.am-ը գրում է.

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը վերահաստատել է ավստրալիական կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ընդգծելով ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը, որպես 2020 թ. արյունալի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումն ուղղորդող երեք սկզբունքերից մեկը։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և ավսրտալիահայ գաղութի նամակին պատասխանելով՝ նախարար Փեյնեն ողջունել է ռազմական գործողությունների դադարումը՝ միաժամանակ ընդգծել, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն Հելսինկիի Եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։

Նախարար Փեյնը նաև կոչ է արել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ աջակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ջանքերին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Մինչ այժմ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու այս գործընթացին, մինչդեռ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը փորձել է շրջանցել և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նշելով, թե ինչն իրենք չեն կարողացել ձեռք բերել բանակցությունների միջոցով, ձեռք են բերել ռազմական ուժի միջոցով:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նկատում է. «Ավստրալիահայ համայնքի համար կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահ երեք երկրներով, գլխավորի Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու բանակցությունները, և խիստ կարևոր է, որ Արցախի Հանրապետության բնիկ հայերի կողմից իրացված ինքնորոշման իրավունքն այս գործընթացում հարգվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել