ԱԱԾ-ն պետք է այլ գործառույթներ իրականացնի, ոչ թե հետապնդումներ սկսի այն մարդկանց նկատմամբ, որ մտահոգիչ գրառումներ են անում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ԱԱԾ-ն պետք է Արծրուն Հովհաննիսյանի հարցաքննմամբ զբաղվի, ոչ թե «ֆեյք-ֆեյք» խաղա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

«Ինչու՞ ԱԱԾ-ն  չի հրավիրում Արծրուն Հովհաննիսյանին և հարց տալիս՝ քեզ ո՞վ էր խնդրում այդ ստերը ասել: Ասա անունները այն մարդկանց, ովքեր 44 օր մեզ ֆեյք լուրերով պահեցին, իսկ հիմա այս հետպատերազմյան շրջանում ֆեյքերի բազմության հետևից են ընկել, և միթե՞ ԱԱԾ-ի հիմնական գործառույթը լինելու է «ֆեյք-ֆեյք» խաղալը, ԱԱԾ-ն ավելի լուրջ խնդիրներ չունի՞»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Գեղամ Նազարյանը հավաստիացրեց, որ այսօր ձերբակալվում են նրանք, ովքեր ակտիվ հակաքարոզչություն էին իրականացնում Ադրբեջանի նկատմամբ, այս ծիծաղելի մեղադրանքները ողբերգություն են մեզ համար:

«Երեկ Անժելա Էլիբեգովան շատ ճիշտ բնորոշեց, որ այսօր ձերբակալվեցին նրանք, ովքեր ակտիվ հակաքարոզչություն էին իրականացնում Ադրբեջանի և Ադրբեջանական իշխանության դեմ, բայց տեսեք այս պետության և վարչախմբի ռեպրեսիվ ապարատի ծիծաղելի մեղադրանքները, որոնք մեր երկրի համար ողբերգություն են: 44 օր պատերազմի ժամանակ մեզ կերակրում էին ստերով, ֆեյք նորություններով  և պետական մակարդակով խաբեցին մարդկանց, անգամ խաբեցին Արցախում ապրողին, որը նայում էր այդ ֆեյք լուրերը՝ մտածելով՝ ինքը ապահով է»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Նա կոչ արեց Եվրամիության անդամ երկրներին ուշադրություն դարձնել այս իրավիճակներին և մարդու իրավունքների խախտմանը:

Հիշեցնենք, որ Կարեն Բեքարյանին մեղադրում են ռազմական դրության ռեժիմի պայմաններում տեղեկություններ տարածելու կանոնը խախտելու մեջ, նրան մեղադրում են պատերազմի ընթացքում կեղծ օգտահաշիվներով հրապարակումներ անելու համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ դատարանը նույն մեղադրանքով 2 ամսով կալանավորել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել