«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով երեկ՝ փետրվարի 20-ին, ՀՀ ազգային անվտանգությունում ձերբակալվածները չորսն են։

Նշենք, որ երեկ ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը եւ Մհեր Ավագյանը։

Չորրորդ անձը քաղաքացի Արամ Սարգսյանն է, ում պաշտպան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ձերբակալման իրավաչափությունը բողոքարկել է դատարան։

«2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 23:55-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի շատ «հետաքրքիր» քրեական գործով, որը կարելի է պայմանականորեն անվանել «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», ձերբակալվել է իմ պաշտպանյալ Արամ Լեւոնի Սարգսյանը։

Քրեական գործի փաստական եւ իրավական կողմին անդրադառնալու ցանկություն չունեմ, անկեղծ ասած՝ այս ֆարսը քրեական գործ անվանելն էլ է արդեն հաճոյախոսություն։

Պաշտպանյալիս ձերբակալման իրավաչափությունն արդեն իսկ բողոքարկվել է դատարան։

Նիստն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 20.02.2021թ.՝ օրվա երկրորդ կեսին Երեւան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում։

Այս առիթով տեղադրեմ արդեն ավանդական դարձած հին սովետական դատախազական աֆորիզմը»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Մհեր Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանն հայտնել է, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 226-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը).  226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)  եւ 307.4-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Ըստ ԱԱԾ-ի՝ Մհեր Ավագյանը վերը նշված գործողությունները կատարել է «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջից։ Նույն կասկածանքով են ձերբակալվել նաեւ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը։

Նշենք, որ այն ժամանակահատվածում, երբ «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտատեր լինելու եւ այդ էջից արգելված տեղեկություններ տարածելու մեջ կասկածվող Սաղաթելյանը, Բեքարյանն ու Ավագյանը ԱԱԾ-ում էին, վերը նշված օգտատերը նոր գրառում է կատարել։

ԱԱԾ էին բերման ենթարկվել նաեւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ու սահմանադրագոտ Գոհար Մելոյանը, ովքեր քիչ առաջ ազատ են արձակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել