News.am-ը գրում է.

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները նախատեսվում է սկսել արդեն մարտին: Պատվաստումները կիրականացվեն կամավոր հիմունքներով, իսկ դեղամիջոցը ռիսկային խմբերի քաղաքացիների համար կլինի անվճար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նրա` Հայաստանում փոքր թվով պատվաստանյութեր արդեն օգտագործվել են. մասնավորապես, մի քանի մարդ պատվաստվել է Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացած «Sputnik-V» դեղամիջոցով: Մոտ ապագայում Հայաստանն ավելի շատ դեղամիջոցներ կստանա եւ կկարողանա սկսել պատվաստումները բնակչության ավելի լայն շրջանակների համար:

Ռիսկային խմբերի մարդիկ կկարողանան պատվաստանյութն անվճար ստանալ, իսկ թե որքան կարժենա պատվաստանյութը մյուս քաղաքացիների համար, դեռ հայտնի չէ:

Նախարարը նշեց, որ երկիրը կներմուծի միայն այն պատվաստանյութերը, որոնք հաջողությամբ անցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Մասնագետների խումբը կգնահատի դրանց արդյունավետությունը, կողմնակի ազդեցությունների ռիսկը, արժեքը եւ կտա իր եզրակացությունը դրանց օգտագործման նպատակահարմարության մասին: Մինչ այժմ փորձագետները հաստատել են AstraZeneca-ի եւ Pfizer-ի, ինչպես նաեւ ռուսական Sputnik-ի պատվաստանյութերի օգտագործումը:

Իսկ Հայաստանի կողմից ներմուծվող պատվաստանյութերի քանակը կախված կլինի մի քանի գործոնից, այդ թվում` դրանց արժեքից եւ նրանից, թե որքան գումար կարող է պետությունը հատկացնել դրա համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել