Pastinfo.am-ը գրում է․

Երկրի կառավարելիությունը շատ ցածր մակարդակի է, ամեն օր կորցնում ենք ինքնիշխանության ինչ- որ կտոր, դա մեծ մարտահրավեր է,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ 

«Փաշինյանը ղեկավարում է որոշ կառույցներ, գուցե որոշ անձինք մնում են հավատարիմ քաղաքական իշխանությանը, բայց երկրի կառավարելիությունը շատ ցածր մակարդակի է, ընդ որում՝ դա հետպատերազմյան պայմաններում, երբ ունենք բազմաթիվ մարտահրավերներ, երբ ամեն օր կորցնում ենք ինքնիշխանության ինչ-որ կտոր, դա մեծ մարտահրավեր է»,- ընդգծել է բանախոսը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն անորոշ վիճակում է գտնվում արդեն բավական երկար ժամանակ։ Օրվա իշխանությունները շատ ավելի մեծ տեղ են տալիս խոսքին և իրենց պատկերացմամբ, եթե ինչ-որ բան ասել են, ուրեմն դա նաև պրակտիկ դաշտում իրագործվել է, եւ կարող են առաջ անցնել։ «Մինչդեռ՝ իրականում ոչ մի խոսք այդպես էլ գործ չի դարձել, ինչն ազդում է նաև իրավապահ մարմինների, դատական իշխանության վրա»,- հայտարարել է Բ.Նավասարդյանը։

«Ամեն ինչ սահմանափակվում է նրանով, որ ինչ-որ բան խոսում ենք, ինչ-որ բանի մասին հայտարարում ենք, բայց մինչև վերջ չենք գնում, պրակտիկ արդյունքներ չենք էլ ցանկանում ունենալ։ Այս անորոշ իրավիճակում ենք բավականին երկար, ինչը պատերազմի և համավարակի հետ միասին բերեց երկրի կառավարելիության ճգնաժամի։ Մեզ մոտ հասկանալի չէ՝ ով ում է լսում, ով ինչ պատասխանատվություն ունի և ի վերջո ինչ է լինելու»,- հայտարարել է բանախոսը։

Նիկոլ Փաշինյանը թիմը իշխանության եկավ՝ հայտարարելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին , սակայն մոտավորապես երեք տարի է նրանք իշխանության են և վերջնական դատավճիռ որեւէ թալանչու վերաբերյալ՝ չկա։ Փոխարենը խոսվում է իրենց իշխանության օրոք ինչ-ինչ քաղաքական կոռուպցիոն դրսևորումների մասին, օրինակ՝ նույն Փաշինյանը բազմաթիվ գործերով է անցնում և դեռևս չի հարցաքննվել։ Կաշկանդվա՞ծ են մեր քննչական մարմինները, որ վերնախավին հարցաքննության չեն կանչում, քաղաքական կոռուպցիա կա՞ այս իշխանության օրոք ,թե ոչ՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանը Նավասարդյանն արձագանքել է՝ ցավոք՝ ՀՀ-ում ավանդույթ կա, որ, եթե կա քաղաքական պատվեր, ապա այն պետք է ամեն գնով ի կատար ածել, ինչը գալիս է Խորհրդային ժամանակաշրջանից։

«Բոլորովին հոգս չէին տանում՝ պրոֆեսիոնալ ձևով հետաքննություն անցկացնելու և երբ այդ գործերը գալիս են դատարան, որքան էլ նույն դատարանը սովոր է հրահանգներով աշխատել, կան բաներ, որ չեն կարող անել, հատկապես, երբ կա կաշկանդվածության հանգամանքը։ Երբ երկրում անորոշ են քաղաքական հեռանկարները, մարդիկ, որոնք սովորել են հարմարվել, նրանք չգիտեն՝ ինչին հարմարվել և ում հարմարվել։ Մեկը գուցե հարմարվում է այս թևին, մյուսը՝ այլ թևի, իսկ երրորդը փորձում է օբյեկտիվ գործել և ամեն ինչ խառնվում է իրար»,- նշել է Նավասարդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել