ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում տեղյակ չեն եղել, որ Գեւորգ Պետրոսյանը մտադիր է խմբակցությունից դուրս գալ եւ այդ մասին պատգամավորի հայտարարությունը անակնկալ է եղել խմբակցության անդամների համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ 

«Զարմացած եմ, ոչ մի խնդիր, ոչ մի տարաձայնություն չի եղել, ամեն ինչ շատ նորմալ էր, փոխադարձ մեծ հարգանք ունեինք։ Ավելին ասեմ՝ պարոն Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի կողմից մեծ հարգանք ու յուրահատուկ վերաբերմունք ուներ։ Դա պարոն Պետրոսյանի որոշումն է եւ այլ մեկնաբանություն չունեմ անելու։ Թե հիմա ինչ տեսլական ունի  Գեւորգ Պետրոսյանը, ճիշտ կլինի իրենից պարզեք»,- ընդգծեց նա։

NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն ասել էր, որ գտնում  է, թե իր կուսակցական պատկանելիությունը թեկուզ բարոյական իմաստով, թեկուզ քաղաքական էթիկայի իմաստով իրեն զսպաշապիկ է դարձել, եւ որպեսզի ինքն անի այն, ինչի համար իրեն ժողովուրդը գործուղել է Ազգային ժողով, իրավունք ունի ձերբազատվելու  այդ զսպաշապիկից։

Անդրադառնալով այդ հայտարարությանը, Արման Աբովյանն ասաց, որ չի պատկերացնում, թե խոսքն ինչի մասին կարող է լինել։

Գեւորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո, ըստ Աբովյանի՝ խմբակցությունը նրա հետ հանդիպում չի ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել