Pastinfo.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից թշնամին ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա է։ Գյուղացիներն այսօր կանգնած են իրենց ապրուստի միակ միջոցից զրկվելու վտանգի առջև, քանի որ սահմանազատման հետևանքով գյուղի այգիներից անցնելու են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանն ասաց, որ գյուղը երեք կողմով է սահմանակից, այդ թվում Որոտանի և Հարթաշենի կողմով, իսկ այգիները կպած են սահմանին։

Գյուղապետը նշում է՝ քանի որ սահմանազատման աշխատանքներում ներգրավված չէ, հստակ չգիտի, թե քանի հեկտար այգի է անցնելու ադրբեջանական կողմին, սակայն նրանց վարկածի համաձայն՝ 25 այգետեր կկորցնի իր այգիները․ «Հստակ թիվ չունեմ, բայց մոտ 18-20 հա տարածքի մասին է խոսքը։ Այսինքն 25 մարդ կկորցնի իր այգիները, իսկ դրանք նրանց ապրուստի միջոցն են։ Այդ տարածքները նաև որպես արոտավայր են ծառայել, այնտեղ անասնապահությամբ էլ են զբաղվել։ Հիմա մարդիկ այգիներին մոտ չեն գնում։ ՀԷԿ-ն էլ չի աշխատում, չեն թույլատրում շահագործել։ Ճիշտ է կառավարության որոշումով կատեգորիայի փոփոխություն ենք արել, գյուղին է պատկանում, բայց ադրբեջանցիները և ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս, որ ՀԷԿ-ը շահագործվի»,-ասաց Լուսինե Ավետյանը։

Վերջինս նշեց, որ այգիները ստեղծելու համար գյուղացիները վարկեր են վերցրել, 20-30 տարի շարունակ մշակել են դրանք, թուզ, ընկույզ, խաղող ստացել։ Այս ընթացքում իրացման խնդիր չեն ունեցել, նորմալ վաճառում էին գյուղմթերքը, իսկ հիմա կարող են կորցնել այդ ամենը։

Մինչև հիմա Քարահունջը զարգացող գյուղ էր, բնակչության թիվը շատանում էր, արտագնա աշխատանքի գնացողներն էլ շատ քիչ էին, միջին տոկոս էին կազմում, սակայն այժմ գյուղապետը վստահ չէ՝ բնակիչները կլքե՞ն գյուղը, թե ոչ․ «Ոչ մեկ չի պատկերացնում, թե վաղն ինչ կլինի, ինչ անվտանգության խնդիր կունենանք, որովհետև գյուղից 2-3 կմ են հեռու։ Հետո ո՞ւր գնան, դա էլ է խնդիր։ Հիմա գոնե ապրուստի միջոց ունեն, մարդիկ տարիներով ստեղծած տուն, այգի ունեն։ Հիմա որտե՞ղ գնան արտագնա աշխատանքի, չեմ կարող բնակիչների փոխարեն ասել»,-նշեց գյուղապետը։

Սահմանին մոտ հատվածում է գտնվում նաև «Սուրիկի լիճ» հանգստյան գոտին, որը մեծ վարկեր էր ներգրավել՝ հանգստյան գոտին կառուցելու համար և բավականին շատ այցելուներ ուներ։ Չնայած այն չի անցնի թշնամու վերահսկողության տակ, բայց գյուղապետը չի կարծում, թե կշարունակի ծավալել իր գործունեությունը․ «Հիմա էլ չի գործի, էլ ո՞վ կգնա»,-նշեց Լուսինե Ավետյանը։

Նկատենք, որ թեև Քարահունջը սահմանամերձ գյուղ է, սակայն դուրս է մնացել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրից։ Լուսինե Ավետյանը կարծում է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, քանի որ անհնար է՝ համայնքը սահմանամերձ չհամարվի և չօգտվի համապատասխան սոցիալական արտոնություններից․ «Դիմել եմ պատգամավորներին, խնդրել պարզել, թե ինչ չափորոշիչներով են ընտրել, որ Քարահունջն ու Խնձորեսկը դուրս են մնացել սոցիալական ծրագրերից։ Համայնքապետարանն էլ է զբաղվում այդ հարցով, տեսնենք՝ ինչ պատասխան կտան, նոր քայլեր ձեռնարկենք, բայց գոնե այս փաթեթում ներառեն, որ բնակիչներին գյուղում պահելու խթանիչ միջոց լինի»,-նշեց Լուսինե Ավետյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել